Դեկտեմբերի 22-ին մեկնարկում է առաջին կիսամյակի քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1766

Դեկտեմբերի 22-ին սկսվում է 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանը, որը կտևի մինչև փետրվարի 22-ը: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտարարեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Ֆակուլտետների դեկանները վստահեցրին, որ քննաշրջանի կազմակերպական աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են, քննագրաֆիկներն ու ամփոփաթերթերը պատրաստ են: Ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին և գործընթացի պատասխանատուներին զգոնության կոչ արեց՝ հորդորելով, հնարավորության սահմաններում պահպանել օբյեկտիվությունն ու  կարգուկանոնը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց երկու հարց: Ռեկտորատը հաստատեց առաջին հարցը, ըստ որի՝ ուսումնամեթոդական նյութերից դասախոսությունների տեքստերն այսուհետ պետք է հրապարակվեն էլեկտրոնային՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում: Իսկ ուսումնամեթոդական նյութերի արտաքին գրախոսությունները վճարովի դարձնելու մասին հարցը որոշվեց լրացուցիչ քննարկել, նոր որոշում կայացնել:

Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց Ուսանողական գիտական ընկերության խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցը՝ առաջադրելով արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտացման առաջին կուրսի մագիստրանտ Մարի Եղիազարյանի թեկնածությունը: Պրոռեկտորի ներկայացմամբ՝ նա գիտական տարբեր նախագծերի մասնակից է, օժտված է կազմակերպական մեծ ջիղով և պատրաստ է աշխուժացնել ՈՒԳԸ աշխատանքները մեր համալսարանում, ինչի համար, Սևակ Խաչատրյանի խոսքով, ակնկալվում է  աշխատակազմի աջակցությունը: Խոստացվեց նաև՝ հունվարին կներկայացվի ՈՒԳԸ գործունեության նոր հայեցակարգը: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորեց համալսարանում ՈՒԳԸ աշխատանքները բարձր մակարդակի վրա դնելու հարցը և ընդգծեց այն ուղղությունները, որոնց պետք է առաջնահերթություն տալ: Մարի Եղիազարյանը ռեկտորատի կողմից նշանակվեց ՈՒԳԸ խորհրդի նախագահ, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց ուսանողուհուն՝ օժանդակելու պատրաստակամություն հայտնելով:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

ՀՊՏհ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին