Գիտական միջոցառումներ՝ Գյումրու մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1597

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ուսումնական կիսամյակն ամփոփում է մի շարք գիտական միջոցառումներով. պրոֆեսորադասական կազմն ու ուսանողները համախմբել են ներուժը՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպելով  տնտեսագիտական հրատապ թեմաներով քննարկումներ: Մասնաճյուղի տրամադրած տեղեկատվությունը  ներկայացնում ենք ստորև:

Նոյեբերի 7-ին տեղի է ունեցել գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանների պրոֆեսոր Սամսոն Դավոյանը։
Գիտաժողովին ներկա են եղել ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԵՊՀ, ՀՊՏՀ և այլ բուհերի դասախոսներ, ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ։
Գիտաժողովի ավարտին պրոֆեսորները պատասխանել են մասնակիցների հարցերին: Տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=Jx_NKzml6NU

Դեկտեմբերի 6-ին, Սամսոն Դավոյանի  նախաձեռնությամբ,  ֆինանսահաշվային  ֆակուլտետի  ֆինանսներ և հաշվապահական հաշվառում մասնագիտությունների 2-րդ կուրսում տեղի է ունեցել «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» խորագրով բաց դաս-քննարկում, որին ներկա են եղել պրոֆեսորադասախոսական կազմը,  ուսանողներ, ԶԼՄ-ներ:
Զեկուցումներ են կարդացել 14 ուսանողներ՝ քննարկելով  համաձայնագրի գլխավոր, թիրախային հարցերը, ներկայացնելով սպասվելիք  հնարավոր  գիտագործնական արդյունքների վերլուծություն: Զեկուցումների մեջ տեղ գտած  իրավական, սոցիալական, և քաղաքական դրույթներն ընդհանրացրել է Սամսոն Դավոյանը և  ընդգծել, որ համաձայնագրի իրականացումը ոչ միայն ՀՀ, այլև  Եվրասիական տնտեսական միության մյուս 4 երկրների համար կարող է կապող հարթակ դառնալ՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացման առումով ու մեր երկիրը հաջողությամբ կարող է իրականացնել «և', և'»-ի քաղաքականություն:

Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ունկնդիրները:

Տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=mpJpdgvcBrQ :

Դեկտեմբերի 11-ին, կառավարում մասնագիտության 3-4-րդ կուրսերի  առաջավոր ուսանողների մասնակցությամբ անցկացվել է  «Ինովացիոն քաղաքականություն՝ հիմնված գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման վրա» (Innovation policy based on science and technology  development) թեմայով անգլերեն  բաց դաս: Կազմակերպիչը մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, հայցորդ Արմինե Հարությունյանն է եղել: Դիտարկվել են ինովացիոն համակարգի առանձնահատկությունները, ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջարկվել լուծման ուղիներ՝ ազգային ու միջազգային տեսանկյուններից: Ուսանողները ցուցադրել են  իրենց պատրաստած  նորարարական անվանական գրիչները, որոնց թանաքը մաքրվում է հատուկ միջոցի օգնությամբ, իսկ ցանկության դեպքում հնարավոր է լինում վերականգնել գրածը: Միջոցառման կազմակերպիչը նշել է, որ ինովացիոն քաղաքականության ուսումնասիրությունը, ոլորտում առկա հիմնախնդիրների և մարտահրավերների բացահայտումն ինչպես ազգային, անպես էլ միջազգային մակարդակներում,  տնտեսությունների զարգացման և տնտեսական աճի ապահովման  հիմքն է: Դասին ներկա է եղել տնօրեն Սամսոն Դավոյանը:

Դեկտեմբերի 12-ին կայացել է «Երկրների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկում: Մասնակիցները՝ Սամսոն Դավոյանը, տ.գ.թ. Լուսյա Գալոյանը, Գյումրու ավագ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտները և նրանց ուսուցիչները վերհանել են թեմային առնչվող հիմնախնդիրները, պատասխանել ուսանողների հարցերին: Ակտիվ աշակերտները ստացել են խրախուսական մրցանակ՝ պրոֆեսոր Սամսոն Դավոյանի վերջին երկու մենագրությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդնորություններն`    այստեղ