Բիզնեսը սկսվում է վաճառքից. սեմինար՝ հմուտ գործարարի բանախոսությամբ
ՀՊՏՀ ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովի հերթական նախաձեռնության շրջանակներում այսօր մեր ուսանողները մասնակից դարձան բիզնեսի մասին գիտելիքները հարստացնող «Ինչպես գեներացնել բիզնես գաղափարները» խորագրով սեմինարի: Մեր համալսարանում հյուրընկալվել էր «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Գրիգոր Առաքելյանը, ով վարեց սեմինարը: Վերջինս, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է (2000-2005թթ.):
Շուրջ երկու ժամ տևած բանախոսության ընթացքում Գրիգոր Առաքելյանը խոսեց ակտիվների օգտագործման ձևերի, վաճառքի հմտությունների, սեփական արտադրանքը ճիշտ և գրավիչ ներկայացնելու, բիզնեսում մշտապես ներդրումներ անելու, աշխատելու, մրցակիցներին դիմակայելու և ի վերջո՝ բիզնեսում հաջողության հասնելու մասին:
Հաջողակ գործարարի դիտանկյունից Գրիքոր Առաքելյանը ուսանողներին փոխանցեց այն գիտելիքները, որոնք օգնում են շահավետ բիզնես կառուցել: Մանրամասն քննարկվեցին այն կետերը, որոնք բիզնեսում աստիճանի նման դեպի վեր են ուղղորդում:
Գրիգոր Առաքելյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես խորհուրդներով օգնել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրագործել իրենց բիզնես-գաղափարները:
Բանախոսությանը ներկա էին նախապես գրանցված հարյուրավոր ուսանողներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում հյուրին, ծափահարություններով ողջունում նրա ներկայացրած հետաքրքիր մտքերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին