Գիտնական-մանկավարժի ու ղեկավարի արգասաբեր ուղի. Գրիգոր Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանին

Դիտումների քանակ՝ 1943

Այսօր լրանում է հայ տնտեսագիտության ականավոր ներկայացուցիչ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ստեղծման ու զարգացման գործում մեծ ավանդ նվիրաբերած գիտնական-մանկավարժ, 1993-2006 թվականներին ՀՊՏՀ ռեկտոր, 2012-ից ցայսօր ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանի հոբելյանական 80 տարին:

Անգնահատելի է նրա՝ անվանի մտավորականի, գիտնականի, կառավարչի և մարդ-քաղաքացու դերակատարությունը հայ տնտեսագիտական մտքի կերտման, սերունդների կրթության ու դաստիարակության, մեր սիրելի համալսարանի վերընթաց ճանապարհի ու բարի համբավի ամրապնդման գործում:

Ծնվել է 1936 թվականին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում՝ Եղիշ և Մարիամ Կիրակոսյանների համերաշխ ու բազմանդամ ընտանիքում: 1953 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1965-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1965-1967 թվականներին աշխատել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում, այնուհետև 1967-ից՝ ԵՊՀ ասպիրանտ, ասիստենտ, դասախոս, գիտնական-հետազոտող: 1971 թվականին «Աշխատուժի վերարտադրության նյութական ծախսերի փոխհատուցման տնտեսական օրենքը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել դոցենտի կոչում:

1975 թվականիցª մեր համալսարանի կազմավորման առաջին իսկ տարվանից Գրիգոր Կիրակոսյանը քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ էր, դասավանդում էր ու շարունակում գիտահետազոտական բեղմնավոր աշխատանքը: 1989 թվականին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը «Աշխատուժի վերարտադրության ծախսեր» թեմայով, ստանում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի կոչում:

1989-1991 թվականներին քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էր, 1991-1993-ինª բուհի  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը: Նրա անխոնջ ու նվիրված գիտահետազոտական աշխատանքը, ինքնակատարելագործման ձգտումը և քաղաքացիական բարձր դիրոքորոշումը անկնհայտորեն նոր ճանապարհ էր կանխորոշում:

1993 թվականին Գրիգոր Կիրակոսյանը ստանձնում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը ու տասներեք տարի շարունակ կառավարչի անուրանալի ձիրքով, սկզբունքայնությամբ, անսպառ աշխատասիրությամբ  համալսարանում կատարում է արմատական բարեփոխումներ՝ զարկ տալով միջազգային կապերին, ստեղծելով նոր արդիական մասնագիտություններ, բարելավելով աշխատակիցների սոցիալական վիճակը, նորացնելով բուհի նյութատեխնիկական բազան:

Մեծ է պրոֆեսորի ավանդը բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործում, որոնց համար նա ճանապարհ է հարթել հայրական հոգատարությամբ, ավագ գործընկերոջ սրտացավությամբ. նրա գիտական ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի աստիճան են ստացել մի քանի տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ:

Գրիգոր Կիրակոսյանն իր բեղմնավոր գրչով հեղինակել է 100-ից ավելի աշխատություններ՝ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, բառարաններ  ու ուսումնամեթոդական աշխատանքներ:

1995 թվականին պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սրտանց շնորհավորում է Գրիգոր Կիրակոսյանի հոբելյանը, մաղթում նրան առողջություն, երկարակեցություն, եռանդ ու լավատեսություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին