Մասնագիտական գիտելիքների ստուգատեսում. ճեպազրույցներ ՀՊՏՀ-ականների հետ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1283

Մեր համալսարանում հունվարի 8-ից մեկնարկել է քննաշրջանը: Ուսանողները քննություն են հանձնում 3 եղանակով՝ գրավոր, բանավոր և համակարգչային: Այս օրերին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջել է ֆակուլտետներով, հետևել քննությունների ընթացքին, արձանագրել ակնթարթներ:

Նախքան քննասենյակ մտնելը ուսանողները ջանում են ևս մեկ անգամ վերհիշել հարցատոմսերը, միմյանց հետ քննարկում են հարցերը, լրացնում գիտելիքները:

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության հեռակա բակալավրիատի  1-ին կուրսի ուսանողուհի Նելլի Սարուխանյանն առաջին քննությունն էր հանձնում՝ «Բարձրագույն մաթեմատիկա» առարկայից: Մեզ հետ զրույցում ուսանողուհին ասաց, որ դասերի ընթացքում դասախոսը մատչելի է բացատրել դասախոսությունները, ինչի շնորհիվ քննությանը պատրաստվելիս դժվարություններ չեն եղել: Նելլին ակնկալում էր բարձր գնահատական:

Կոմերցիա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Կարմեն Պետրոսյանն արդեն վերջին՝ 5-րդ քննությունն էր հանձնում: Ասում է, ընդհանուր առմամբ, գոհ է քննաշրջանից, հաղթահարել է բոլոր քննությունները:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆալկուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը մեր այցելության պահին ուշիուշով հետևում էր իր ֆակուլտետի քննություններին, գնահատականների ընդհանուր պատկերին, զրուցում դասավանդող դասախոսների հետ, արձանագրում նրանց դիտարկումները: Դեկանը մեզ հպարտությամբ տեղեկացրեց, որ, օրինակ, 1-ին կուրսերից մեկում ուսանողների շուրջ 50 տոկոսը գերազանց գնահատականի է արժանացել:

«Այս պահին կարող եմ ձեզ ցույց տալ ցանկացած կուրսի տեղեկագիր, որպեսզի համոզվեք, որ ուսանողների գերակշիռ մասը լավ է սովորում, քննության է ներկայանում պատշաճ, լավ պատրաստված»,- ասաց Աշոտ Մաթևոսյանը և հավելեց, որ լավ արդյունքի հասնելու գործում մեծ դերակատարում ունեն դասախոսները, որոնք դասերի ընթացքում լավագույնս մատուցում են նյութը, սեմինարներ, քննարկումներ  են անցկացնում:

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը մեզ տեղեկացրեց, որ ըստ նախնական պատկերի՝ առաջադիմությունը բարձր է հատկապես առկա բակալավրիատի 2-4 կուրսերում: Դեկանը հավաստիացրեց, որ քննություններն ընթանում են հավուր պատշաճի, խախտումներ չեն արձանագրվել:

Նշենք, որ քննությունները կավարտվեն հունվարի վերջին:

Բոլորին մաղթում ենք հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին