Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը
«Տնտեսագետի» նոյեմբեր-դեկտեմբերյան համարը լույս է ընծայվել: Այն բուհի գործունեության 2015 թվականի յուրատեսակ ամփոփում է՝ նոր 2016 թվականին ընդառաջ: Եվ այս տրամաբանության մեջ տոնական ամսագիրն սկսվում է ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձով:
Ընդարձակ անդրադարձը ՀՊՏՀ «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» գիտաժողովին վեր է հանում համալսարանական գիտական այս իրադարձության կարևորութունն ու արդյունավետությունը: Այնուհետև «Տնտեսագետը» անդրադառնում և փաստում է, որ ՀՊՏՀ խորհրդի նոր կազմը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերընտրել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում, և բուհի տարեկան գործունեությունն արժանացել է խորհրդի հավանությանը:
Ամսագրի էջերում երիտասարդությանն անկեղծ խորհրդածության է հրավիրում Յուրի Հովականյանը՝ անդրադառնալով իր սերնդի երիտասարդությանը, այսօրվա արժեքներին, սերունդների փոխհարաբերությանը:
Համալսարանն անցյալ տարի ձեռքբերումներ արձանագրեց իր գործունեության մի շարք ուղղություններով, որոնք արտացոլված են ամսագրային հոդվածներում և հարցազրույցներում. ուսման առաջավորների մասին է «Մեր անվանական կրթաթոշակառուները» խորագիրը, տարեվերջին ընդունված նորաստեղծ ընտանիքների և մայրության աջակցման աննախադեպ կարգը ներկայացվում է իր հասցեատերերի հետ միասին, բուհ-գործատու համագործակցության արդյունավետությունն է փաստում համանուն խորագիրը, անդրադարձ կա ԵՄ «Էրասմուս+» ծրագրին մեր համալսարանի մասնակցությանը և ակնառու հաջողություներին: Առանձին անդրադարձում կարող եք կարդալ նաև միջավայրի արդիականցման ու կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Արփինե Մալքջյանը գրավիչ կերպով վեր է լուծում Ամանորի սպասման ու տոնի բովանդակության հոգեբանական, խոհափիլիսոփայական ուղղությունը՝ հրաշքի սպասման երևույթը:
Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը» ինչպես միշտ հարուստ է հետաքրքրական նորություններով:
«Լրահոսը» կրկին համալսարանական իրադարձությունների հակիրճ ամփոփում է:
ՀՊՏՀ ուսանողների մարզական հաջողությունները շատ են ու հպարտանալու հաճելի առիթ են ընձեռում: Այդ մասին են փաստում և՛ լրահոսը, և՛ մարզական խորագիրը, և՛ «Ուսանողական աշուն - 2015»-ը, որը, ի դեպ, աշուն-ձմեռ ժամանակահատվածում ուսանողական ամենանշանակալի իրադարձությունն էր՝ «Սմարտ» աշխատաժողովի հետ մեկտեղ: Իսկ ամսագրի վերջում տեղ է գտել 2015 թվականի ՀՊՏՀ լավագույն մարզիկների տասնյակը:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
Ամսագիրը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:
Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին