ՀՊՏՀ վոլեյբոլիստները առաջին անգամ կմասնակցեն ՀՎՖ գավաթի խաղարկությանը
ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների ընտրանին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) խաղարկությանը: Մեր աղջիկները 4 թիմերի շարքում կպայքարեն ՀՎՖ 2015 թ. գավաթը նվաճելու համար: Խաղարկությանը, մասնակցելու են «Նժդեհ», ԽՄՕՄՄ, ՀՊՏՀ և «Վան» աղջիկների թիմերը:
«ՀՎՖ գավաթ-2015»-ը մեկնարկում է այսօր և կեզրափակվի դեկտեմբերի 13-ին: Խաղերն անցկացվելու են մեր բուհի մարզադահլիճում, ՀՊՏՀ հավաքականն այսօր խաղալու է ժամը 16.00-ին:
Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ վերջին շրջանում մեր բուհի մարզիկները զգալի հաջողություններ են արձանագրում:
«ՀՊՏՀ-ում առանձնահատուկ տեղ է գրավում վոլեյբոլ մարզաձևը, աղջիկների հավաքականում կան ուժեղ մարզուհիներ և ՀՎՖ գավաթի խաղարկությունը լավ առիթ է, որպեսզի մեր ընտրանին չափի ուժերը: Ի դեպ, մեր թիմը այս խաղարկությունում միակ համալսարանական թիմն է: Նշեմ, որ ունենք վոլեյբոլի աղջիկների հավաքականի հիանալի մարզիչ՝ ի դեմս պարոն Սիմոն Հակոբյանի, ով ջանասիրաբար աշխատում է մեր ընտրանու հետ»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականի մարզիչ, մեր բուհի ֆիզդաստիարակության և ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը բարձր գնահատեց թիմի մարզավիճակը և նշեց, որ եթե մրցասպարեզ են մտնում, ուրեմն, հաղթանակի ակնկալիք ունեն: Նրա խոսքով՝ մարզուհիները այս օրերին քրտնաջան պարապել են, խանդավառված են:
Մենք զրուցել ենք նաև մեր վոլեյբոլիստուհիների հավաքականի ավագ, սպորտի վարպետ Նարե Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ թիմը մարտական է տրամադրված, հաղթանակի ակնկալիքները մեծ են:
Բոլոր մարզասերները հրավիրվում են ՀՊՏՀ մարզադահլիճ՝ քաջալերելու մեր մարզուհիներին:
ՀՊՏՀ թիմին մաղթում ենք հաղթանակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին