«Բաց երկխոսություն». ՀՊՏՀ ուսխորհուրդը սկսել է նոր նախաձեռնություն. անդրանիկ թողարկումը արդեն ներկայացվել է

Դիտումների քանակ՝ 1007

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի 1-ին ուսանողական ալիքը ներկայանում է նոր՝ «Բաց երկխոսություն»  հաղորդաշարով, որի անդրանիկ թողարկումը ներկայացվել է  երեկ: Հաղորդաշարի առաջին հյուրը ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է, ով խոսել է բուհում կրթության որակի բարելավման, ուսումնական գործընթացի փոփոխությունների, «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո  իրականացվող բարեփոխումների և ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի մասին:

Նոր հաղորդաշարի ձևաչափի, նպատակների մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի հետ:

Վերջինիս խոսքով՝ հաղորդաշարի այս ինտերակտիվ ձևաչափը թույլ է տալիս  ՀՊՏՀ ուսանողներին  բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և համապատասխան անձանց միջոցով ստանալ դրանց պատասխաններն ու պարզաբանումները:

««Բաց երկխոսություն» հաղորդման գաղափարը ծնվել էր դեռ 1 տարի առաջ, երբ ստեղծվեց մեր ուսանողական ալիքը և այժմ, ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի, մասնավորապես նախագահ Հայկ Բեջանյանի  գործուն աջակցությամբ, այն  այլևս իրականություն է: Հաղորդման ընթացքում կրթության ոլորտի ղեկավար և պատասխանատու (ռեկտոր, դասախոսներ, պաշտոնատար անձինք և այլն) անձանց մասնակցությամբ քննարկվելու են բուհական կրթական հիմնախնդիրներ: Տրամաբանական էր, որ հաղորդման առաջին հյուրը պետք է լիներ մեր բուհի ռեկտորը»,-ասաց ՀՊՏՀ ուսանողական կառույցի ղեկավարը և հավելեց, որ հաղորդումը թողարկվելու է ամիսը 1 անգամ, իսկ խորագիրը խորհրդանշական է՝ ենթադրում է հիմնախնդիրների բաց, ազատ քննարկում:

Ինչպես փոխանցեց ՈւԽ նախագահը,  ուսանողական խորհրդի էլեկտրոնային հասցեին բոլոր ուսանողները կարող են ուղարկել իրենց հարցերը, որոնցից կընտրվեն ուշադրության արժանիները և հաղորդման շրջանակներում  կպարզաբանվեն: Առաջին հաղորդման համար ևս  ընտրվել էին հարցեր, որոնց առանցքում մեր բուհի կրթության որակի բարելավումն էր. ՀՊՏՀ  ռեկտորը հարցերին տվել է համակողմանի և սպառիչ պատասխան:

Ամփոփելով՝ Սերգեյ Խառատյանը նշեց, որ նոր հաղորդումը կնպաստի ինչպես  մեր ուսանողների իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ՝ իրականացնելու ուսանողական խորհրդի առաքելությունը, այն է՝ ուսանողների շահերի պաշտպանությունը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ, հաղորդաշարի անդրանիկ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?time_continue=2&v=L6afZtL6bIc :

Շնորհավորում ենք ՈՒԽ-ին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին