«Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ». կկայանա ամենամյա աշխատանքի տոնավաճառը

Դիտումների քանակ՝ 1262

Սույն թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 12-17-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով հանրապետական աշխատանքի տոնավաճառը: Այս մասին տեղեկացրեցին ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կարիերայի և մարքեթինգի բաժնի պետի ժ/պ Էռնեստ Դավթյանը նշեց, որ հայաստանյան 8 բուհերի համագործակցության շրջանակներում կազմակերպվող ամենամյա տոնավաճառը օգնում է հարյուրավոր ուսանողների աշխատանք գտնել:

«Մեր ուսանողներին խորհուրդ ենք տալիս ներկա գտնվել տոնավաճառին, իրենց հետ անպայման վերցնել ռեզյումեի մի քանի օրինակներ: Աշխատանքի տոնավաճառը հիանալի հնարավորություն է և' աշխատանք գտնելու, և' փորձառություն անցնելու համար: Նշենք, որ աշխատաշուկան մեկտեղելու է հայաստանյան առաջատար ընկերությունների, կազմակերպությունների. բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային  կազմակերպություններ և այլն,  շուրջ 80 գործատուի»,-ասաց Էռնեստ Դավթյանը՝ հավելելով, որ, օրինակ, մեր բուհի կազմակերպած տոնավաճառների շնորհիվ ամեն տարի աշխատանք է գտել ավելի քան 100 ՀՊՏՀ ուսանող:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին