Ուսանողների և դասախոսների համար բանախոսեց ռուսաստանցի դոցենտը

Դիտումների քանակ՝ 1150

Հայաստանում մեկնարկել է «Ռուսական խոսքի 8-րդ օրեր» ծրագիրը, որի  շրջանակներում  հայաստանյան դպրոցներում և համալսարաններում իրականացվում են ուսումնամեթոդական միջոցառումներ (հոկտեմբերի 19-23-ը): Ծրագրով Հայաստան են ժամանել ռուսաստանցի պատմաբաններ, մշակութաբաններ, լեզվաբաններ, գրականագետներ, ռուսաց լեզվի դասախոսներ և այլ մասնագետներ, որոնք հանդես են գալիս դասախոսություններով:

Ծրագրի շրջանակներում այսօր ՀՊՏՀ-ում էր  «Ռուսական նոր համալսարանի» դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, “Современная коммуникативистика” ամսագրի պատասխանատու քարտուղար Գոնչարովա Լյուբով Մարկովնան, ով ուսանողների և դասախոսների համար հանդես եկավ բանախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին  մեր բուհի լեզուների  ամբիոնի վարիչի ժ/պ Սուսաննա Չալաբյանը, ամբիոնի ռուսաց լեզվի դասախոսները, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Ներկաներին ողջունեց Սուսաննա Չալաբյանը, նշելով, որ ուսանողները, ինչպես նաև դասախոսները բացառիկ հնարավորություն ունեն մասնակցելու հետաքրքիր դասախոսության:

Դասախոսության առաջին թեման հասցեագրված էր ուսանողներին. «Ժամանակակից գործնական դիսկուրսի (խոսույթ) առանձնահատկությունները» խորագրով ելույթն ունկնդրում էին տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ: Լյուբով Մարկովնան  ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է Հայաստանում,  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գտնվելու համար, այնուհետև տնտեսագետների համար առանձնակի կարևորեց գործնական դիսկուրսը:   Սկսելով դասախոսությունը՝  բանախոսն անդրադարձավ պաշտոնական գործնական դիսկուրսի առանձնահատկություններին, դրա կիրառման ոլորտներին, ապա խոսեց ինստիտուցիոնալ շփման մասին,  տարանջատեց գործնական և առօրյա հաղորդակցությունները, առանձին-առանձին վերլուծեց դրանք և այլն: Ուսանողների կողմից մեծ էր հետաքրքրությունը դասախոսության թեմայի  վերաբերյալ:

Դասախոսության երկրորդ թեման՝ «Ինտերակտիվ մեթոդների օգտագործումը ռուսերենի և խոսքի մշակույթի դասավանդման մեջ», հասցեագրված էր  ռուսաց լեզվի դասախոսներին: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ դասախոսության 2-րդ հատվածը հետաքրքրեց նաև ուսանողներին, ովքեր շարունակեցին ունկնդրել բանախոսին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին