ՀՊՏՀ ուսանողները ձեռք են բերում գործնական գիտելիքներ. վարպետության դասեր՝ առաջատար բանկերում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցում է հայաստանյան առաջատար բանկերի, կազմակերպությունների հետ և այս համագործակցության շրջանակներում մեր ուսանողները հնարավորություն են ստանում գործնական գիտելիքներ ձեռք բերել համալսարանից դուրս:
Այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության մի խումբ ուսանողներ վարպետության դասեր կանցնեն «Արարատ» բանկում և «Հայբիզնեսբանկում»: Այսօր «Արարատ» բանկում ուսանողների առաջին դասն էր, որին ներկա էր մեր բուհի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը: Դասը վարում էր «Արարատ» բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Ողջունելով ներկաներին՝ տնօրենն ընդգծեց, որ դասընթացների նպատակը ուսանողների գործնական գիտելիքները համալրելն է՝ ոլորտի փորձառու մասնագետների օգնությամբ: Այնուհետև, սկսելով «Բանկային գործ» թեմայով դասախոսությունը, Աշոտ Օսիպյանը մասնավորապես խոսեց բանկի գործառույթների մասին, առանձին-առանձին վերլուծեց դրանք:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աննա Ասլանյանն ասաց, որ սա ուսանողների մասնագիտական գիտելիքները համալրելու հերթական քայլն է: «Նշեմ, որ վարպետության դասերին մասնակցում են ավարտական՝ չորրորդ կուրսի լավագույն ուսանողները: Ձևավորվել է 2 խումբ. 34 ուսանող վարպետության դասի կմասնակցի «Արարատ» բանկում, 57-ը՝ «Հայբիզնեսբանկում»: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր վարպետության դասերի են մասնակցում նշված բանկերից երկուսում էլ»,-ասաց Աննա Ասլանյանը:
Մեզ հետ զրույցում ուսանողուհի Լենա Մեհրաբյանը նշեց, որ այս դասընթացը հնարավորություն կտա ավելի լավ յուրացնել բանկային գործին առնչվող գիտելիքները, ձեռք բերել գործնական հմտություններ, իսկ դասընթացի ավարտին տրվող վկայականը կօգնի աշխատաշուկայում մրցունակ լինել և հեշտ աշխատանք գտնել:
Նշենք, որ առաջիկա երկուշաբթի օրվանից ՀՊՏՀ ուսանողների համար վարպետության դասերը կմեկնարկեն նաև «Հայբիզնեսբանկում» :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին