ՀՊՏՀ գրադարանը՝ գրադարանային մեծ ընտանիքից անբաժան

Դիտումների քանակ՝ 2266

Հոկտեմբերի 7-ին մեր հանրապետությունում նշվում է Գրադարանավարի օրը: Գիր ու գրականության պաշտամունքը որդեգրած մեր ժողովրդի համար գիրքը մի ուրույն խորհուրդ ունի՝ լինի ձեռագիր մատյան, տպագիր գիրք, թե մեր օրերում այնքան պահանջված ու անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն: Հանրապետության գրադարանների մեծ ընտանիքում ամեն տարի իր մասնագիտական տոնն է նշում նաև մեր համալսարանի գրադարանի անձնակազմը:

Այսօր ՀՊՏՀ գրադարանավարների մասնագիտական տոնը շնորհավորելու համար գրադարան այցելեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

«Շնորհավորում եմ ձեր տոնը և անձնական ու աշխատանքային հաջողություններ մաղթում, որոնք կծառայեցնեք մեր համալսարանին, մեր զավակներին ու մեր երկրին: Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, շարունակեք բարեխիղճ ու լավ աշխատանքով զարգացնել մեր գրադարանային համակարգը», - ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ գիտելիքային կազմակերպության գրադարանավարի աշխատանքն ունի իր առանձնահատկությունները և պետք է յուրաքանչյուրին համակի ոգևորությամբ ու հպարտությամբ՝ ավելի մեծ պատասխանատվությամբ ու սիրով կատարելու պարտականությունները: Պրոռեկտորը կանանց կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին մաղթեց կանացի անսահման երջանկություն:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը և պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը եղան գրապահոցում և գրադարանի մյուս ստորաբաժանումներում, տեղեկացան ու քննարկեցին գրադարանի աշխատանքի բարելավմանը միտված առաջիկա քայլերը:

Սպասարկման, համալրման, մշակման ու մատենագիտության բաժինների, գիտական և ուսանողական ընթերցասրահների, գրապահոցի աշխատակիցները՝ գրադարանավարները, իրենց անմիջական ղեկավարի՝ ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ այսպես տոնական բարձր տրամադրությամբ սկսեցին իրենց աշխատանքային օրը և կրկին արժևորեցին այն աշխատանքը, որն իրենք անխոնջ կերպով կատարում են, որը միտված է մարդու կրթությանը, նրա հոգևոր հարստացմանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանը մեր ուշադրությունը հրավիրեց գրադարանի սպասասրահում  բացված նոր ցուցափեղկի վրա, որտեղ ներկայացված են տնտեսագիտական գրականության հին և հազվագյուտ հրատարակություններ: «Ամենավաղ հրատարակությունը Վահան Տոտոմյանցի՝ առևտրի վերաբերյալ գիրքն է, որը լույս է ընծայվել 1885 թվականին: Գրքի վրա Էջմիածնի ճեմարանի կնիքն է: Շատ են նաև 20-րդ դարասկզբի հրատակությունները», - ասաց գրադարանի տնօրենը՝ նշելով, որ ՀՊՏՀ գրադարանը փորձում է ամուր ու անխզելի պահել անցյալի ու ներկայի կապը և նոր սերնդին ներկայանալ ոչ միայն նորագույն գրքերով ու էլեկտրոնային գրադարանով, այլև դասական հեղինակներով ու պատմություն դարձած եզակի հրատարակություններով:

Շնորհավոր ձեր տոնը,  գրադարանավարներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին