Մեկնարկել է ուսանողական խաղերի աշնանային փուլը. ՀՊՏՀ-ն արձանագրել է 1-ին հաղթանակը
Հրաձգության մրցաշարով սեպտեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի աշնանային փուլը, և Տնտեսագիտական համալսարանի թիմն այս փուլում արձանագրել է իր առաջին հաղթանակը՝ 2-րդ տարին անընդմեջ նվաճելով հրաձգության առաջնության չեմպիոնի կոչումը: Իսկ աղջիկների անհատական պայքարում, 50 հնարավորից 45 միավոր վաստակելով, ՀՊՏՀ ուսանողուհի, միջազգային մրցաշարերի մասնակից, սպորտի վարպետ Էլմիրա Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ: Մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և գավաթներով: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, Աի և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:
Համալսարանական թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված են եղել 3 ուսանող՝ երկու հրաձիգ և մեկ հրաձգուհի: ՀՊՏՀ թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Տիգրան Գասպարյան, Տիգրան Եգանյան և Էլմիրա Կարապետյան: Հրաձգության առաջնությանը մասնակցել է հայաստանյան 6 բուհ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան):
«Այս առաջնությանը մեր համալսարանի թիմը փայլուն մասնակցություն ունեցավ: Նշեմ, որ անհատական պայքարում ՀՊՏՀ ուսանողուհի Էլմիրայի վաստակած միավորը գերազանցեց նույնիսկ տղաների անհատական պայքարում գրանցված ամենաբարձր միավորին: Ի դեպ, մեր բուհի նորաբաց հրաձգարանում ուսանողներն արդեն զարգացնում են իրենց հմտությունները, հրաձգության հանդեպ ուսանողների կողմից մեծ հետաքրքրվածություն է նկատվում»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Նշենք, որ հրաձգության մրցումները հանրապետական ուսանողական խաղերի ծրագրում ընդգրկվել են անցյալ տարվանից, այս տարի անցկացվեցին 2-րդ անգամ:
Ուսանողական մարզական 16-րդ խաղերը կշարունակվեն մինչև դեկտեմբեր, խաղերի շրջանակներում կանցկացվեն առաջնություններ լող, վոլեյբոլ, հանդբոլ, բասկետբոլ, ֆուտզալ մարզաձևերից:
Շնորհավորում ենք մեր թիմին, իսկ ուսանողուհի Էլմիրա Կարապետյանին՝ անհատական և թիմային հաղթանակի առիթով:
Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին