Ուսումնական տարին ամփոփվեց ճանաչողական այցերով
Այս ուսումնական տարվա ավարտը բիզնեսի կազմակերպում և կոմերցիա մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողների համար նշանավորվել է ճանաչողական ու արտադրական այցերով՝ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Նշված ամբիոնի ասիստենտ Լիանա Հայրապետյանը և ավագ լաբորանտ Ռուզան Մեժլումյանը համառոտ անդրադարձան դրանց:
Ապրիլի 28-ին կոմերցիա մասնագիտության ուսանողները, կուրսղեկ Լիանա Հայրապետյանի ուղեկցությամբ, այլցելել են «Մերիդիան» Էքսպո կենտրոն և մասնակցել «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) խորագրով ցուցահանդեսին, որին մասնակցել են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող, ներուժ ունեցող ավելի քան 270 ընկերություններ: Ուսանողները ծանոթացել են գրեթե բոլոր տաղավարների արտադրատեսակներին, զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ, ուղղել տարբեր մասնագիտական հարցեր:
Մայիսի 3-ին բիզնեսի կազմակերպում մասնագիտության ուսանողները, «Տուրիստական բիզնեսի կազմակերպում» առարկայի դասընթացի շրջանակներում, Ռուզան Մեժլումյանի նախաձեռնությամբ և «Armenia travel» տուրիստական կազմակերպության զարգացման տնօրեն Արմեն Գրիգորյանի աջակցությամբ կատարել են ճանաչողական ուղևորություն, որի ընթացքում եղել են Խոր Վիրապում, Նորավանքում, Վարդենյանց լեռնանցքի քարավանատանը, Խաչքարերի տուն Նորատուսում և Սևանում: «Armenia travel» ընկերության կողմից ճանապարհորդությանը հրավիրված են եղել հատուկ հյուրեր՝ «Braind» և « Brand"N"Gain» ընկերություններից: Ճանապարհորդության ընթացքում կազմակերպվել են նաև տարբեր խաղեր և թրեյնինգներ:
Մայիսի 20-ին և 22-ին Լիանա Հայրապետյանի նախաձեռնությամբ կոմերցիա մասնագիտության ուսանողերը կատարել են արտադրական այցեր դեպի «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Բեկոն պրոդուկտ» ընկերություններ: Երկու ընկերություններում էլ արժանանալով ջերմ ընդունելության՝ ուսանողները մանրամասն ծանոթացել են տարբեր արտադրամասերի աշխատանքներին, զրուցել տարբեր մասնագետների հետ և հարստացրել իրենց գործնական գիտելիքների պաշարը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում և' Լիանա Հայրապետյանը, և' Ռուզան Մեժլումյանը կարևորեցին նմանատիպ այցերի նշանակությունը ուսանողների համար, քանի որ, առաջին հերթին, դրանք լրացնում են գործնական գիտելիքները, ուսուցումը դարձնում առավել արդյունավետ և հետաքրքիր:
«Նմանատիպ այցերը նաև կարևոր են այն տեսանկյունից, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում գործատուի հետ անմիջականորեն շփվել, ստեղծվում է ուսանող-գործատու կապ». ասաց Լիանա Հայրապետյանը:
Նախաձեռնողները նշեցին, որ գալիք ուսումնական տարում ևս կկազմակերպվեն նմանատիպ այցեր:
Հ.Գ. Լուսանկարները՝ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին