Սեմինար՝ «Սովորենք ընտանիք կազմել» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1036

«Հաղարծին» հասարակական կազմակերպության  և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Սովորենք ընտանիք կազմել» ծրագրի շրջանակներում   այսօր  ՀՊՏՀ ուսանողների համար բուհում  կազմակերպվել էր  սեմինար, որի շրջանակներում քննարկվեցին ընտանիքի պլանավորմանը,  սեռական առողջությանը, հղիության արհեստական ընդհատմանը (հատկապես սեռով պայմանավորված), ընտանիք կազմելուն վերաբերող մի շարք հարցեր:

Սեմինարը վարում էր բժիշկ-սեքսապաթոլոգ Վահե Ասրյանը, ով անդրադարձ կատարեց ընտանիքի պլանավորման առավելություններին, ընտանիքի պլանավորման բնական և ժամանակակից  եղանակներին, հղիության արհեստական ընդհատման (աբորտ) եղանակներին, դրա հետևանքներին և այլն: Ծավալվեց ակտիվ քննարկում, մասնագետը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող  հարցերին:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց «Սովորենք ընտանիք կազմել» ծրագրի ղեկավար Լուսինե Արեստակեսյանը՝ ծրագիրը նպատակ ունի  երիտասարդների շրջանում բարձրացնելու  ընտանիք կազմելու վերաբերյալ գիտելիքների մակարդակը: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են Երևանի տարբեր բուհերի ուսանողների հետ:

Սեմինարի սկզբում և ավարտին ուսանողները լրացրեցին հարցաթերթիկներ, որի նպատակն էր պարզել  նրանց գիտելիքների մակարդակը դասախոսությունից առաջ և հետո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին