Ապրիլ ամսվա ուշագրավ իրադարձությունները ՀՊՏՀ-ում
Սիրելի այցելուներ, ինչպես հիշում եք, անցած ամսվանից ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա սկզբին ներկայացնելով նախորդ ամսվա համալսարանական նշանակալի իրադարձությունները: Այս հրապարակումն ամփոփում է ապրիլյան անցուդարձը:
Ապրիլի 3-ին ՀՊՏՀ նիստերի սրահում կայացավ «Մրցակցային միջավայրի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտական սեմինար-քննարկում՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանի, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրության գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանի, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ասպիրանտների մասնակցությամբ: Քննարկմանը հրավիրվել էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը: Այս քննարկմամբ հայտարարվեց մեր բուհում քննարկումների նոր հարթակի ստեղծման մասին. այն քննարկելու Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հրատապ հարցերը:
Ապրիլի 7-ից ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվել են մեր բուհի շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի կողմից: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սույն թվականին հայտարարված քաղծառայողների վերապատրաստման մրցույթում ՀՊՏՀ-ն «Համակարգչային հմտություններ» ծրագրի հաղթող է ճանաչվել: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ մեր բուհում ապրիլին մեկնարկած վերապատրաստման դասընթացները մի քանի փուլերով կընթանան մինչև դեկտեմբեր: Ապրիլի 17-ին և 30-ին առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ՀՀ 60 քաղծառայողների հանձնվեցին հավաստագրերը: Հերթական դասընթացը կմեկնարկի այսօր:
Ապրիլի 11-24-ը շարունակվեցին ՀՊՏՀ ուսանողների նախաձեռնությամբ անցկացվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումները:
Ապրիլի 20-ին մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի նախաձեռնությամբ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Սեղմի՛ր ատամդ…» խորագրով միջոցառում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 21-ին ՀՊՏՀ նիստերի սրահում կայացավ ցերեկույթ, որի կազմակերպիչներն ու մասնակիցները ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն էին՝ կուրսղեկի՝ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Նարինե Խալաթյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 23-ին և 24-ին ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողության կազմակերպչական աշխատանքներին և ջահերով երթին: Ապրիլի 24-ին ՀՊՏՀ աշխատակազմը և ուսանողները այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որով ամփոփվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀՊՏՀ միջոցառումները:
Ապրիլի 15-ին բուհի մեծ դահլիճում կայացավ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: Գրքի հրատարակումը հերթականն էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում, որոնք իրականացվել են ՀԵՀ-ի հետ համատեղ:
ՀՊՏՀ 85-ամյա հոբելյանի առիթով բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով “INhead” միջբուհական ուսանողական գիտաժողովը: Ապրիլի 17-ին, 18-ին և 19-ին գիտաժողովը համախմբել էր հայաստանյան մի շարք բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների: Մարտի 18-ին գիտաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Գիտաժողովի ավարտին մրցանակակիրները պարգևատրվել են:
Ապրիլի 15-ին և 16-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երկօրյա այցով եղել է Սանկտ Պետերբուրգում և մասնակցել Համալսարանների եվրասիական ասոցացիայի 13-րդ համագումարին և «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 3-րդ միջազգային համաժողովին: Համալսարանների եվրասիական ասոցացիայի 13-րդ համագումարի որոշմամբ ՀՊՏՀ-ն դարձել է է ասոցացիայի անդամ, և ռեկտոր Կորյուն Աթոյանին է հանձնվել այս իրադարձությունն ամրագրող դիպլոմը:
Ապրիլի 21-23-ը անցկացվել է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ-ն: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա է եղել ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Երեք օրվա ընթացքում ՀՊՏՀ աշխատակիցները պատասխանել են ՀՊՏՀ-ի վերաբերյալ այցելուներին (դիմորդներին) հետաքրքրող հարցերին:
Ապրիլի 22-ին ֆինանսական ֆակուլտետում բացվեց Անդրանիկ Օզանյանի անունը կրող լսարան՝ հիմնանորոգված, գույքով և նորագույն տեխնիկայով հագեցած: Լսարանի բացմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ և ուսանողներ:
ՀՊՏՀ նիստերի սրահում ապրիլի 28-ին մեկնարկեց «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական երկօրյա գիտաժողովը, որի համակազմակերպիչներն էին մեր բուհի ֆինանսների ամբիոնը և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (Բորսա): Գիտաժողովին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ֆինանսների ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Սալնազարյանը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ: Գիտաժողովն ամփոփվել է ապրիլի 29-ին, հաղթողները պարգևատրվել են արժեքավոր մրցանակներով:
Ապրիլի 29-ից մեր բուհում մեկնարկեց առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կավարատվի մայիսի 27-ին, իսկ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մայիսի 29-ից հունիսի 20-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին