«Կարիերայի բացահայտումների օր»՝ ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1193

Տնտեսագիտական համալսարանի հյուրերն այսօր Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA), «Գրանդ Թորնթոն» աուդիտորական ընկերության և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնես միջազգային ակադեմիայի ներկայացուցիչներն էին. ՀՊՏՀ նիստերի սրահում նրանք բուհի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի հետ համատեղ ուսանողների համար կազմակերպել էին «Կարիերայի բացահայտումների օր» խորագրով հանդիպում:

«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնես միջազգային ակադեմիայի մարքեթինգի և հանրային կապերի ղեկավար Անահիտ Էվոյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  ներկայացրեց  հանդիպման հիմնական նպատակը. այն է՝ ուսանողներին իրազեկել, թե մասնագիտական կրթություն ստանալուց հետո ինչ պետք է անել՝ աշխատանք փնտրելու ճանապարհին հաջողության հասնելու համար:

Հանդիպման առաջին մասում «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնես միջազգային ակադեմիայի միջազգային որակավորումների բաժնի համակարգող Սաթինե Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց «ACCA»-ի մասին, նշեց  այն ընտրելու շարժառիթները, որից հետո խոսեց ուսանողների համար «ACCA»-ի  կրթաթոշակի հնարավորությունների մասին:

Հանդիպման 2-րդ հատվածն առավել ինտերակտիվ էր. միջոցառման հատուկ հյուր, «Գրանթ Թորնթոն» ընկերության մարդկային ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար Անի Ասլանյանը ներկայացրեց  իրենց ընկերության կողմից առաջարկվող աշխատանքային հնարավորությունները, աշխատակիցների ընտրության մասնագիտական չափանիշները, ընկերությունում հարցազրույցը հաջողությամբ անցնելու հմտությունները, ինչպես նաև՝ հայաստանյան շուկայում միջազգային որակավորումների դերը աշխատանքի ընդունման հարցում և այլն: Բանախոսը հատուկ ընդգծեց ինքնակենսագրականը  ճիշտ ներկայացնելու հանգամանքը՝ նշելով, որ այն ստեղծում է առաջին պատկերացումը տվյալ անձի (ուսանողի, մասնագետի) մասին: Շեշտադրվեց նաև գործատուին ներկայանալիս պատշաճ հագուստի և կեցվածքի անհրաժեշտությունը: Ուսանողները ստացան  իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները ուսանողներին տրամադրեցին տեղեկատվական գրքույկներ և կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապ հաստատելու նպատակով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին