Տնտեսագիտական համալսարանում վերջին ժամանակահատվածում արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր են արված. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Բրիտանական բիզնես դպրոց (լուսանկարներ)
«Տնտեսագիտական համալսարանում վերջին ժամանակահատվածում արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր են արված, մասնավորապես, ներդրվել է Բրիտանական բիզնես դպրոցը, որը երկրորդն է իր ոճի մեջ Հայաստանում և տալիս է կիրառական-տնտեսական կրթություն անգլիական կրթական ստանդարտներով և անգլիական ավարտական փաստաթղթերով: Շատ պահանջված պետք է լինի, կարծում եմ, այս կրթական ծառայությունը աշխատաշուկայում»,- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ համալսարանում կատարած շրջայցից հետո լրագրողների հարցերին ի պատասխան: ԿԳ նախարարը նշեց, որ ինքը վաղուց Տնտեսագիտական համալսարանում չէր եղել, ժամանակացույցով փորձում է բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների ուղեկցությամբ այցելեց ՀՊՏՀ Բրիտանական բիզնես դպրոց, ծանոթացավ դպրոցի կրթական ծրագրին, ծրագրի նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությանը: Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրեց ուսման տևողությունը, ծրագրի առավելությունները և Բիզնես դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ: Այնուհետև
նախարարը եղավ ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացավ թվայնացման գործընթացին, տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը հետաքրքրվեց՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի և այլն:
Այնուհետև նախարարն այցելեց նաև համակարգչային լսարան, բուհի հիմնանորոգված տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ապա նաև ֆինանսական ֆակուլտետներ, ծանոթացավ կատարված աշխատանքներին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելեց լսարաններ, հանդիպեց ուսանողներին, հետաքրքրվեց նրանց մտահոգող խնդիրներով, ուսման
առաջադիմությամբ, լեզուների իմացությամբ, աշխատանք գտնելու հեռանկարների մասին: Նախարարը այցելեց նաև միջազգային ծրագրերի իրականացման նորաստեղծ կենտրոն, ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը:
Այցի ավարտին նախարարը նշեց, որ բուհը բարեկարգման աշխատանքներ է իրականացրել, արդիականացրել է նաև կրթական գործընթացը ՝ համակարգչային լսարանների, գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով՝ առավել ժամանակակից միջավայր ապահովել ուսանողների համար: «Կարծում եմ, որ ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, առհասարակ, Հայաստանի բուհական համակարգը իր միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր և ակնհայտ է , որ ուսանողների մոտ փոխվում է նաև սովորելու նկատմամբ վերաբերմունքը, մոտիվացիան է փոխվում: Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, որոնք զուգահեռ նաև աշխատում են և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ»,- ասաց նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Բրիտանական բիզնես դպրոցը, կրթության և գիտության նախարարը ներկայացրեց դպրոցը, նրա հնարավորությունները, ապա ավելացրեց. «Կարծում եմ, որ անպայման չէ, որ նման կրթական ծրագիրը լինի շատ զանգվածային, մեզ համար կարևոր է, որ կրթական ներկապնակում ներկայացված լինի ամբողջ եվրոպական, միջազգային կրթական փորձը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանն ուղղված մի շարք պրոյեկտներ կան, որոնք բնականաբար մրցակցություն կապահովեն , որակի դրական տեղաշարժեր կառաջացնեն և Հայասատանի կրթական ծառայությունները ավելի ճանաչելի կդարձնեն նաև եվրոպական կրթական տարածքում»:
Բրիտանական բիզնես դպրոցից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանի միջև համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական դպրոցը իրականացնում է մագիստրոսական ծրագիր գործադիրների համար, որը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը՝ ժամը 9.00-ից 17.30: Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան միջազգային ճանաչում ունեցող բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ, բացի այդ, ուսանողը ուսումնառության ընթացքում առանց հավելյալ ուսման վարձի հնարավորություն կստանա երկու մոդուլի մասնակցել «Landen School of Commerse (LSC) Group of Colleges»-ի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում և այլն, որը պարտադիր բնույթ չի կրում: Ուսման վարձը մասնակի կրթաթոշակով կազմում է 2950 £ (մոտ 2 մլն դրամ) ուսումնառության ողջ կուրսի համար: Մասնագիտական սահմանափակումներ չկան. այլ բնագավառում մասնագիտացած, լավ սովորող ուսանողը, ով ցանկանում է այս մասնագիտացման մագիստրոսական աստիճան ստանալ և տիրապետում է օտար լեզվին, կարող է ընդունվել բիզնես դպրոց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ