ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը բնականոն ընթացքի մեջ է. արձանագրումներ ռեկտորատի նիստում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել են փետրվարի 9-ին: Ուսումնական գործընթացը բնականոն ընթացքի մեջ է, դասացուցակները պատրաստ են, որևէ խախտում չի եղել: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտարարեցին ֆակուլտետների դեկանները՝ զեկուցելով 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման մասին հարցը:
Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց 2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին հարցը՝ հայտնելով, որ քննաշրջանն ու 1-ին վերահանձնումն արդեն կազմակերպվել են, երկրորդ վերահանձնումը կկազմակերպվի հինգշաբթի՝ փետրվարի 12-ին:
Այնուհետև ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ հարցերի քննարկմանը: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց «ՀՊՏՀ ասպիրանտուրայի հեռակա վճարովի ուսուցման և հայցորդության համար տարեկան ուսման վարձի և այլ կազմակերպություններից որակավորման քննություն (ստուգարք) հանձնելու համար վճարի չափի փոփոխության մասին» հարցը, որը ռեկտորատը հաստատեց: Որոշումն ամբողջությամբ առաջիկայում կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց ուսանողներին իրազեկել ուսումնական գործընթացի վերջին փոփոխությունների մասին: Ռեկտորը նաև հայտնեց, որ այս տարին համալսարանի համար հոբելյանական է, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով. կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, կոլեկտիվից նույնպես ակնկալվում են առաջարկներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին