Ուսումնական նոր ձեռնարկ՝ հասցեագրված տնտեսագիտական բուհերի ուսանողներին

Դիտումների քանակ՝ 919

Կրթության միջազգային ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Իրավագիտություն» ուսումնական ձեռնարկը՝ ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ի.գ.թ., դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանի և քաղ. գիտ. թեկնածու, ասիստենտ Սասուն Գրիգորյանի համահեղինակությամբ: Գրքի ծանոթագրությունում նշվում է, որ ձեռնարկը նախապատրաստված է պետական կրթական չափորոշիչներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան,  նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ոչ իրավաբանական մասնագիտությունների, մասնավորապես տնտեսագիտական բուհերի բոլոր մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող ցանկացած անձի համար:

Ինչպես նշում է համահեղինակ Գեղեցիկ Գրիգորյանը՝  ձեռնարկի նպատակն է նպաստել ուսանողների մոտ իրավական գիտակցության և իրավական մշակույթի հիմունքների ձևավորմանը, հետաքրքրություն առաջացնել իրավունքի նկատմամբ, հաղորդել նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ՝ պետության և իրավունքի վերաբերյալ, որը նրանց կարող է պետք գալ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում, ինչպես նաև օգնել, որ ընթերցողների մոտ հարգալից վերաբերմունք ձևավորվի օրենքի` որպես հասարակական հարաբերությունների միասնական օրինակարգ կարգավորիչի նկատմամբ, համոզմունք ձևավորել օրենքի խախտման անթույլատրելիության մասին:

Գեղեցիկ Գրիգորյանի խոսքով՝ ձեռնարկը նախապատրաստելիս հեղինակները ոչ միայն ձգտել են տեղեկություններ հաղորդել պետության և իրավունքի տեսության հիմնական կատեգորիաների մասին, այլև նպաստել նրանց մոտ իրավունքի մի շարք ճյուղերի և իրավական ինստիտուտների վերաբերյալ համալիր գիտելիքների ձևավորմանը: Այն բաղկացած է հինգ բաժնից: Առաջին բաժնում բացահայտվում է պետության և իրավունքի տեսության հիմնական հասկացությունների, կատեգորիաների և ինստիտուտների իրավաբանական բովանդակությունը, մյուս բաժիններում հանգամանալից վերլուծվում են սահմանադրական, վարչական, աշխատանքային և քաղաքացիական իրավունքի մի շարք կարևորագույն ինստիտուտներ: Առավել մեծ ծավալ է զբաղեցնում քաղաքացիական իրավունքին նվիրված բաժինը, ինչը պայմանավորված է  նրանով, որ գիրքը նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների համար:

Գեղեցիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գիրքը բացառիկ է նրանով, որ ՀՀ բուհական կրթական համակարգում առաջին անգամ մայրենիով լույս է տեսնում իրավագիտության բուհական դասագիրք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին