Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ զորամաս է այցելել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1554

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ մարզ է այցելել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Վարչապետը, նրան ուղեկցող պաշտոնյաները սահմանամերձ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը լսել են գյուղի հրատապ խնդիրների մասին բնակիչների բարձրացրած մտահոգությունները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները:

Այնուհետև  հանդիպում է տեղի ունեցել  նաև N զորամասի ու սահմանապահ դիրքերում գտնվող զինվորների հետ, որի ընթացքում  ելույթ է ունեցել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` կարծիք հայտնելով, որ այսօր  մեր երկրի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, ինչին սևեռված է ՀՀ իշխանության ուշադրությունը: Ռեկտորի խոսքով, այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարեմուտի օրերին զինվորների կողքին են պետական այրերը: Նշելով, որ Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիքը միասնության, համերաշխության և ջանադիր աշխատանքի մեջ է` Կորյուն Աթոյանը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի զորու է հասնել հաջողությունների երկրի տնտեսական զարգացման դժվարին գործում:

Ճաշկերույթի, հաղթական Քոչարիի հնչյունների ներքո ու բարեմաղթանքների մթնոլորտում ավարտվել է հանդիպումը:

Հ.Գ. Լուսանկարները` ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից, ինչպես նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին