Ուսանողները ծանոթացան բանկային կարիերա սկսելու մի շարք հմտությունների. սեմինար-քննարկում՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1081

Բանկային  կարիերայի զարգացման կենտրոնը  ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի հետ համատեղ  այսօր մեր բուհում  կազմակերպել էր «Բանկային կադրային կարիքները 2015թ. կամ ինչպես գտնել աշխատանք ՀՀ բանկային համակարգում» խորագրով  սեմինար -քննարկում՝ ՀՊՏՀ  ուսանողների մասնակցությամբ:

Բանախոսը «Մալխասյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Նարեկ Մանասերյանն էր, ով  ներկայացրեց ՀՀ առևտրային բանկերում ամենապահանջված հաստիքները, առկա աշխատատեղերը, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ: Մասնավորապես, անդրադարձ եղավ առևտրային բանկերի կողմից տրամադրված աշխատատեղերին, բանկում աշխատելու դրդապատճառներին, առավելություններին, բանկերի կողմից շրջանավարտներին ներկայացվող պահանջներին  և այլն: Նարեկ Մանասերյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց հայաստանյան բանկերի շրջանում անցկացված  հարցումների արդյունքները, որոնք արտահայտում էին անհրաժեշտ տեղեկություններ, օրինակ՝ ինչպես են բանկերը գնահատում նորավարտների մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչ մասնագիտական բացթողումներ են ունենում նորավարտները և այլն:

Սեմինարն ընթացավ հարցուպատասխանի մթնոլորտում, ՀՊՏՀ ուսանողները ակտիվ քննարկում ծավալեցին և բանախոսին հղեցին իրենց հուզող հարցերը:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի (հեռակա) ուսանող Յուրա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասերից դուրս կազմակերպվող սեմինար-քննարկումները արդյունավետ են, հետագա աշխատանքային փորձի համար դրանք տալիս են հավելյալ գիտելիքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին