ՀՊՏՀ ՈւԽ 20-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին հանդիսավոր երեկույթով` ԿԳ նախարարի մասնակցությամբ. հայտնի դարձավ ՀՊՏՀ լավագույն ուսանողը (լուսանկարների ալբոմ)

Դիտումների քանակ՝ 1114

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի` շուրջ 3 ամիս տևած  հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած  հանդիսավոր երեկույթով, որին մասնակցում էին ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը,  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը,  համալսարանի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՊՏՀ ՈւԽ-ին նվիրված տեսանյութի ցուցադրմամբ, որն անդրադարձ  էր  ուսանողական խորհրդի ստեղծման, կայացման պատմությանը, ձեռքբերումներին, անցած ուղուն: Ֆիլմում ուսանողական խորհրդի ստեղծման , կայացման մասին պատմում էին ՀՊՏՀ ՈւԽ նախկին նախագահները, ՈւԽ կայացման գործին մասնակից  անձինք:

Միջոցառումը վարում էին սիրված շոումեններ Սամվել Գրիգորյանը և դերասան Գրիգոր Դանիելյանը: ՀՊՏՀ տաղանդավոր ուսանողուհիների կատարմամբ հնչեց ՈւԽ օրհներգը:

Ելույթ ունեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա 2 բուհ, որտեղ իրեն ջերմորեն  կհյուրընկալեն միշտ. մեկը Տնտեսագիտական համալսարանն է, մյուսը՝ Բժշկականը: Նշելով, որ Տնտեսագիտական համալսարանն իր համար հարազատ է, Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այստեղից ինքը ձեռք է բերել բազմաթիվ հարազատ ընկերներ:

«Ուզում եմ սրտանց շնորհավորել ինձ  շատ հարազատ բուհի հարազատ ուսանողներին, ինչպես իմ, այնպես էլ  ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից, ով այսօր չի կարողացել ներկա գտնվել, բայց  իր լավագույն մաղթանքներն է հղել բոլոր ուսանողներին և բուհին», -ասաց նախարարը: Խոսելով ՀՊՏՀ ուսանողների կազմակերպվածության մասին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ  Տնտեսագիտական համալսարանն անցել և անցնում է դժվարին, բայց շատ լավ ուղի, որի շարժիչ ուժն ուսանողությունն է: «Տնտեսագիտականում դժվար է պատկերացնել որևէ լուրջ  նախաձեռնություն` առանց  ուսանողության մասնակցության»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր չէ պատկերացնել ուսանողական շարժումն առանց ուսանողության:

Միջոցառման ընթացքում հայտնի դարձավ նաև «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքը: Արմեն Աշոտյանը հայտարարեց ՀՊՏՀ «Լավագույն ուսանող» անվանակարգում հաղթած ուսանողուհու անունը` մունիցիպալ կառավարման 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարապետյան, ում նախարարը հանձնեց մրցանակները` պլանշետ և ուղեգիր դեպի Եվրոպա:

Ներկաներին շնորհավորանքի իր խոսքը հղեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը` անդրադառնալով ուսանողական ինքնակառավարման մարմնի պատմության, անցած ճանապարհին, ձեռքբերումներին, հնչեցնելով ուսանողական խորհրդին ուղղված գնահատանքի խոսքեր: Ռեկտորի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

ՈւԽ որոշմամբ ոսկե հուշամեդալներ հանձնվեցին ՀՊՏՀ ՈւԽ նախկին նախագահներ Սևակ Խաչատրյանին, Արմեն Ալեքսանյանին, Աբրամ  Բախչագուլյանին, Արթուր Գյուլազյանին, Մարկոս Շիրինյանին: Երեկոյի երկրորդ հատվածում համերգ էր՝ հայկական էստրադայի հայտնի աստղերի մասնակցությամբ: Իրենց կատարումներով ուսանողների տոնական տրամադրությունն ապահովեցին երգիչներ Գրիգոր Կյոկչյանը, Նարեկ Բավեյանը, Արսեն Գրիգորյանը և այլք: Դահլիճում ուսանողները պարում էին, ողջագուրվում,  շնորհավորում միմյանց` հարազատ բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակի գեղեցիկ առիթով:

Մենք էլ միանում ենք հնչած շնորհավորանքներին, մաղթում ամենայն բարիք:

Լուսանկարների ալբոմն այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությա հետ կապերի բաժին