ՀՊՏՀ ուսանողներն այցելել են կոնյակի և շամպայն-գինիների գործարաններ

Դիտումների քանակ՝ 1366

ՀՊՏՀ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները  դեկտեմբերի առաջին տասնյօրյակում  այցելել են  Երևանի «Արարատ» կոնյակի և շամպայն-գինիների գործարաններ:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին կուրսղեկ Գայանե Գրիգորյանն ու նույն կուրսի ուսանողները՝ նշելով, որ այցերն իրականացվել են «Արդյունաբերության էկոնոմիկա» առարկայի շրջանակներում: Նախաձեռնությունը սույն առարկայի դասախոս Գայանե Գրիգորյանին ու ամբիոնի լաբորանտ Անահիտ Անտոնյանին է:

Մասնագիտական նշանակության այցերի ընթացքում ուսանողները մանրամասնորեն ծանոթացել են  կոնյակի, ինչպես նաև շամպայնի արտադրման՝ մեծ հետաքրքրություն ներկայացնող գործընթացին: Նրանք  ականատես են եղել, թե ինչպես է կատարվում արդեն պատրաստի խմիչքի շշալցումը, պիտակավորումը, համտեսել  են  ֆիլտրման տարբեր փուլեր անցած խմիչքներից, եղել են  հնեցման արտադրամասերում, ծանոթացել  հնեցման եղանակներին ու ժամկետներին: Այս ամբողջ ընթացքում ուսանողները  բազմաթիվ հարցեր են ուղղել տեխնոլոգներին և մյուս մասնագետներին՝  ստանալով իրենց հետաքրքրող տեղեկատվությունը:

Շրջայցերից  հետո ուսանողներն  իրենց խորին շնորհակալությունն են հայտնել կազմակերպիչներին և գործարանի ողջ անձնակազմին՝ սրտացավ և մասնագիտական մոտեցման համար՝ վստահեցնելով, որ  այցերից բավականին տպավորված են, արդյունքում ձեռք են բերել նոր գործնական  գիտելիքներ, որոնք հետագայում կկիրառեն մասնագիտական բնագավառում:

Այցելուները տեղեկացնում են, որ նմանատիպ այցերը կարևորվում են թե' ուսանողների, թե' միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին