ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հաղթել է բարձրագույն խմբի հերթական խաղում

Դիտումների քանակ՝ 957

ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2014-2015թթ. առաջնության հերթական խաղում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանը ՀՊՏՀ հավաքականը «Երևան IT» թիմի նկատմամբ հաղթանակ է տարել 17:3 հաշվով: Այս մասին տեղեկացրեց  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի  վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ ֆուտզալի մեր հավաքականը մեծ ներուժ ունի և կարող է մրցել պրոֆեսիոնալ թիմերի հետ, ուստի առաջնությանը մասնակցելը կարևոր է:

Խաղին հետևել և մեր հավաքականին  իրենց ներկայությամբ քաջալերել են ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի խաղերը նմանվում են պրոֆեսիոնալ խաղերի, և մենք կարևորում ենք մասնակցությունը նաև նմանատիպ առաջնություններին: Երեկ մեր թիմի 3-րդ խաղն էր  բարձրագույն խմբի 2014-2015թթ. առաջնությունում: Նշեմ, որ 3 խաղերի արդյունքում ունենք 2 հաղթանակ, մեկ պարտություն»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Ամբիոնի ղեկավարը հավելեց՝ ՀՊՏՀ ֆուտզալի թիմից 4 տղաներ ընդգրկված են ՀՀ ֆուտզալի հավաքականում ( Նարեկ Մակարյան, Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Լոբասյան, Գուրգեն Խաչատրյան): Թիմի գլխավոր մարզիչն է ՀՀ լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կարեն Միքայելյանը:

«Ի վերջո նմանատիպ առաջնություններին մասնակցելով մեր թիմը ձեռք է բերում փորձ, ինչը կնպաստի հետագայում եվրոպական ուսանողական խաղերում լավագույնս հանդես գալուն»,-ընդգծեց Հովհաննես Գաբրիելյանը:

Նշենք, որ ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2014-2015թթ. առաջնությունը կեզրափակվի գալիք տարվա մայիսին: Մեր հավաքականին առաջիկա խաղերում մաղթում ենք հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին