ՀՊՏՀ-ում կայացել է հանդիպում ԵՄ Տեմպուսի «Արարատ» ծրագրի շրջանակներում
«Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն, որպես ծրագրի համակարգող, այսօր համալսարանում նախաձեռնել է տեղական հանդիպում որակավորումների ոլորտային շրջանակների (բնութագրիչների) ձևավորման նպատակով հարցման մեթոդաբանությանը, տվյալների հավաքագրման մեկնարկին, համալսարան-գործատու համակարգող միավորների և «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանց»-ի միջև մշտական կապի ապահովման մեխանիզմներին առնչվող հարցերի քննարկման համար: Հանդիպմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված հայաստանյան բուհերի համալսարան-գործատու համակարգող միավորների ներկայացուցիչներ, և ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի բաժնից, հանդիպման մեկնարկին ծրագրի կառավարման խմբի անդամները ներկայացրեցին հանդիպման նպատակը և քննարկվող թեմաները: Ապա գործընկեր համալսարանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը պարզաբանեց իրենց տեսլականը ծրագրի շրջանակներում ստեղծված «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանց»-ի հետ կապի ապահովման, տվյալների հավաքագրման մեկնարկի, հարցումներին մասնակցելու համար շահակիցների շահամիտման և ներգրավման վերաբերյալ:
Ապա քննարկվեցին հարցման մեթոդաբանությանն առնչվող հարցեր՝ կապված հարցմանը մասնակցող չորս շահակից կողմերին (գործատու, դասախոսական անձնակազմ, ուսանող, շրջանավարտ) ներկայացվող չափանիշների և հարցման ընտրանքի հետ:
Հանդիպման ավարտին քննարկվեցին ծրագրի շրջանակներում հետագա գործողությունները և դրանց կատարման վերջնաժամկետները:
Հիշեցնենք, որ «Արարատ» ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները՝ իրականացնել կրթական բարեփոխումներ: Ծրագրի շրջանակներում մշակվել են հարցաթերթեր շահակիցների չորս խմբերի կրթական կարիքների բացահայտման համար, մշակվել է տվյալների բազա, որում հավաքագրվելու են հարցման արդյունքները: Առաջիկայում կմեկնարկի տվյալների հավաքագրումը, որի արդյունքների վերլուծության հիման վրա կձևավորվեն որակավորումների ոլորտային շրջանակները (բնութագրիչները) կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության (մանկավարժության) ոլորտների համար:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ www.ararattempus.org:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին