Սարգիս Սարգսյանի հիշատակին

Դիտումների քանակ՝ 1398

Շուրջ 40 օր է, ինչ իր երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր համալսարանի վաստակաշատ ու սիրված դասախոս Սարգիս Սարգսյանը. բարի ու մեծասիրտ մարդը, իր գործի անխոնջ նվիրյալն ու հայրենասեր հայը: Մեծ է նրա վաստակը մեր երկրում մաթեմատիկոս-տնտեսագետների պատրաստման շնորհակալ գործում: Ի հիշատակ Սարգիս Սարգսյանի` ներկայացնում ենք տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի խոսքը.

Սարգիս Սարգսյանը ծնվել է 1934 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1946 թվականին իրականություն դարձնելով վաղեմի երազանքը՝ Սարգսյանների ընտանիքը հայրենադարձվում է: 1952 թվականին հաջողությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝  Սարգիսն ընդունվում է Երևանի  պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտելով 1957-ին՝ աշխատանքային կենսագրությունն սկսում է  ՀԽՍՀ ԳԱ հաշվիչ կենտրոնում: 1961-63 թվականներին սովորում է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի   ասպիրանտուրայում: 1967 թվականին սկիզբ է առնում նրա գիտամանկավարժական գործունեությունը, սկզբում՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ այնուհետև Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ դառնալով նրա հիմնադիր դասախոսներից մեկը:

1989 թվականին փայլուն կերպով պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը՝ լինելով առաջիններից մեկը մեր հանրապետությունում, ով փորձում էր ՀՀ-ում տնտեսագիտության մեջ կիրառել խաղերի տեսության հիմնահարցերը:

1991 թվականին ստանձնում է իր հարազատ մաթեմատիկական մեթոդները և մոդելները  տնտեսագիտության մեջ ամբիոնի ղեկավարումը՝ մեծ ավանդ ներդնելով տնտեսագետ-մաթեմատիկոսների պատրաստման հրատապ ու շնորհակալ գործում: Նրա գիտական ուսումնասիրությունները, գիտական աշխատանքները, դասախոսությունների տեքստերը` նվիրված մաթեմատիկական մոդելավորման տարբեր հիմնահարցերին, մեծ հեղինակություն են բերում նրան թե´ գործընկերների և թե´ ուսանողության շրջանում:

Վաստակաշատ գիտնական-մանկավարժի գործունեությունը բարձր է գնահատվում. արժանանում է ՀՀ վարչապետի շնորհակալական պատվոգրին, մեր համալսարանի ոսկե մեդալին և բազմաթիվ այլ պարգևների:

Սարգիս Սարգսյանը ստեղծել է գեղեցիկ ու համերաշխ ընտանիք, երջանիկ էր իր ընտանիքով, արժանավոր զավակներով ու թոռներով:

Նա նրբազգաց էր ու նրբանկատ, պոեզիայի մեծ գիտակ էր ու սիրահար, երկրպագում էր Պարույր Սևակին և անգիր գիտեր նրա բազմաթիվ գործեր: Ազնիվ, շիտակ մարդ էր, և այդ պատճառով նրա կորուստն անսահման ծանր է:

Մեկ ամսից ավելի է, ինչ մեզ հետ չէ լավ մարդը, կրքոտ հայրենասերը, բարձրակարգ մասնագետը, վաստակաշատ դասախոսը, մեկ խոսքով՝ բոլորիս սիրելի Սարգիս Սարգսյանը, ու ժամանակը դեռ ի զորու չէ ամոքել նրա կորստի ցավը: