ՀՊՏՀ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ու աշխատակիցները Հեյդելբերգում մասնակցել են վերապատրաստման

Դիտումների քանակ՝ 1172

«Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) խորագիրը կրող ԵՄ Տեմպուս ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 3-5-ը Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանում կայացել է վերապատրաստում՝ նվիրված բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հեյդելբերգում ներկայացրել են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա  Փախլյանը:

Քննարկումների ընթացքում բարձրագույն կրթության 3-րդ մակարդակը դիտարկվել է որպես կրթական միասնական շղթայի բաղկացուցիչ մաս, կարևորվել է մագիստրոսական կրթական ծրագրերի ելքային և բարձրագույն կրթության 3-րդ մակարդակի մուտքային արդյունքների համադրումը, ինչպես նաև հետազոտական բաղադրիչի ամրապնդումը։

«Վերիտաս» ծրագրին մասնակցում են հայաստանյան և արտասահմանյան տասնյակից ավելի բուհեր, մասնավորապես՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (ծրագրի համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, ինչպես նաև «Կրթության որակ» ՍՊԸ-ն։ ՀՀ-ում կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացման տեսանկյունից կարևորվում է ինստիտուցիոնալ կառույցների, մասնավորոպես՝ ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնակցությունը և իրազեկվածությունը ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

«Վերիտաս» ծրագրում ընդգրկված արտասահմանյան հեղինակավոր համալսարանների, մասնավորապես` Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի, Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտի, Իսպանիայի Ջիրոնայի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարանի փորձը կարող է օգտակար լինել հայաստանյան բուհերում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարեփոխումների շրջանակը ձևավորելու գործում:

Տեղեկատվությունը տրամադրել է որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա  Փախլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին