Հանդիպում գործատուի հետ
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, ավարտական կուրսերի ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու նպատակով, կազմակերպեց գործատուի հետ հերթական հանդիպումը: Ասօր մեր համալսարանում էին «Փրայսուոթերհաուս Յուպերս Արմենիա (PwC)» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչներ՝ անձնակազմի հավագաքրման և կառավարաման բաժնի (HR) մենեջեր Անահիտ Յուզբաշյանը, աուդիտի և խորհրդատվության բաժնի մենեջերներ Սոսե Թադևոսյանը և Լուսինե Թառլամազյանը, աուդիտի բաժնի խորհրդատու Եվգենյա Կարապետյանը:
Մասնակցում էին ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը, ավագ կուրսերի ուսանողներ:
Հանդիպման առաջին հատվածը ճանաչողական էր, հյուրերը ներկայացրին իրենց ընկերության առաքելությունը, կառուցվածքը, բաժինների գործառույթները, աշխատակիցների հաջող կարիերայի պատմությունները:
«Փրայսուոթերհաուս Յուպերս Արմենիա (PwC)»-ն խոշոր միջազգային կազմակերպության մաս է, խրախուսում է նորավարտ, մոտիվացված մասնագետների մուտքն իրենց աշխատակազմ և ավելին, շարունակական կրթություն է ապահովում՝ անընդհատ հաղորդելով նոր գիտելիք, կազմակերպելով մասնագիտական սեմինարներ, դասընթացներ, քննություններ և այլն: Երկրորդ հատվածում գործատուն մանրամասնեց աշխատանքի դիմելու ընթացակարգը: Աշխատակիցներն ընդգծեցին, որ ակտիվ երիտասարդները, ովքեր համալսարանական տարիներին մասնակցել են գիտաժողովների, լրացուցիչ դասընթացների, իրենց կողմից աշխատանքի հրավեր ստանալու ավելի մեծ հնարավորություն ունեն: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հասցեով՝ www.pwc.com/ :
Հանդիպումն ավարտվեց վիկտորինայով. բանախոսներն իրենց կազմակերպության մասին հարցեր ուղղեցին ուսանողներին և ճիշտ պատասխանած ուսանողներին նվիրեցին քաղցրավենիք:
Աիդա Առուստամյանի խոսքով՝ առաջիկայում ևս գործատուների հետ հանդիպումներ են նախատեսվում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին