Տեղի ունեցավ 2014-2015 ուսումնական տարվա ռեկտորատի առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 1262

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ 2014-2015 ուսումնական տարվա ռեկտորատի առաջին նիստը: Ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով այն սկսվեց մեկ րոպե հարգանքի լռությամբ՝ ի հիշատակ անժամանակ կյանքից հեռացած համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանի:

Օրակարգի առաջին հարցը զեկուցեցին դեկանները՝ ներկայացնելով 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Դեկանները նշեցին, որ ուսումնական տարին սկսելու համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, ուսումնական գործընթացը սահուն ընթացքի մեջ է մտել: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը նաև ներկայացրեց ուսանողների դրական արձագանքները՝ ֆակուլտետի վերանորոգման և թարմացման կապակցությամբ:

Դեկանները ներկայացրեցին նաև 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ վերահանձնման նախապատրաստման մասին հարցը: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 3-ին համալսարանում սկսվում է պարտքերի  վերահանձնման 2-րդ փուլը. սեպտեմբերի 3-10-ը՝ առկա բակալավրիատում, սեպտեմբերի 8-16-ը՝ հեռակա բակալավրիատում, առկա և հեռակա մագիստրատուրայում:

Քննարկվեցին ընթացիկ մի շարք հարցեր ևս: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց ռեկտորատի անդամներին և ուսումնական գործընթացի հետ ուղիղ առնչություն ունեցող մյուս ստորաբաժանումներին մինչև շաբաթվա վերջ համալսարանում կրթության որակի բարձրացման, այն մի նոր մակարդակի հասցնելու գրավոր առաջարկներ ներկայացնել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին