Բաց դաս՝ սոցիալական մարքեթինգ առարկայի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 2268

Սույն թվականի նոյեմբերի 9-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, մարքեթինգի ամբիոնի դեցենտ տ.գ.թ., դոցենտ Մարինե Նիկողոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Crowudfounding Armenia-ի ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանի և նրա օգնական Գոռ Արամյանի հետ:

Հանդիպումը կազմակերպված էր մագիստրատուրայի մարքեթինգ մասնագիտացման առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների համար սոցիալական մարքեթինգ առարկայի շրջանակներում: Այն նպատակ ուներ ուսանողներին ներկայացնել քրաուդֆանդինգ երևույթը, դրա միջոցով ամենատարբեր նպատակների, ծրագրերի և նախագծերի  իրականացման համար միջոցների ձեռք բերման հնարավոր եղանակները:

Հանդիպման առաջին հատվածում բանախոսները ներկայացրեցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում քրաուդֆանդինգը, ինչ պատմական զարգացում է այն անցել՝ իրենց խոսքում անդրադարձ կատարելով ոլորտում իրենց արդյունավետությամբ հայտնի մի շարք կայքերի, ինչպիսիք են՝ Kickstarter, Indigogo, Planeta.ru, 40bilion.com և այլն:

Հաջորդիվ, հանգամանորեն ներկայացվեց Crowdfounding Universal հարթակը, որը հնարավորություն է ընձեռում բազում անհատների իրականացնել իրենց նպատակները և նախագծերը:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին և սիրով հրավիրեցին նոյեմբերի 9-10-ը Երևանի քաղաքապետարանում անցկացվելիք NurExpo 2017 ցուցահանդեսին, որտեղ ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ միասին ներկայացված է նաև իրենց՝ Crowdfounding Armenia կազմակերպությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին