Ասեն Բոժիկովի երկօրյա դասախոսությունները կիբեռանվտանգության թեմայով

Դիտումների քանակ՝ 1688

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-10-ը աշխատանքային այցով մեր համալսարանում է Բուլղարիայի Սվիշտով քաղաքի Տսենովի տնտեսագիտության ակադեմիայի պրոֆեսոր Ասեն Բոժիկովը: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, դասախոսն այցելել է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ հանդես է եկել  «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը աղետների հետևանքների վերացման գործում» թեմայով դասախոսությամբ (ներկայացված վերջին լուսանկարն այդ հանդիպումից է):

Այսօր բուլղարացի պրոֆեսորը համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում բանախոսեց «Կյանքը կիբեռհանցագործությունների դարաշրջանում» թեմայով: Բաց դասախոսությանը ներկա էին մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրանտները՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ուսանողներ, դասախոսներ:

«Հայաստանը, մասնավորապես՝ Տնտեսագիտական համալսարանը, իմ նախապատվությունն էր ծրագրի շրջանակում ինձ առաջարկված մի քանի երկրների շարքում:

Ձեր երկրով շատ տպավորված եմ, իսկ ուսանողների հետ երեկվա հանդիպումը հրաշալի անցավ, մեծ էր բարձրացված հիմնախնդրով նրանց հետաքրքրվածությունը, բավականին արդյունավետ քննարկում ծավալվեց»,-այսօրվա դասախոսությունից առաջ մեզ հետ զրույցում նշեց Ասեն Բոժիկովը:

Ներկայացնելով հյուրին և թեման՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ դասախոսությունը վեր է հանելու կիբեռվտանգների և կիբեռհանցագործությունների արդիականությունն ու դրանցից պաշտպանվելու կարևորությունն ու կարողությունները, և բանախոսն ակնկալում է աշխույժ քննարկում և մտքերի փոխանակություն:

Ասեն Բոժիկովն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հակաօրինական գործողությունների հասարակական վտանգավորությանը, դրանց տեսակներին, ավտոմատացված համակարգերի հնարավոր խափանումներին, տեղեկատվական ռեսուրսների, անձնական տվյալների ոչնչացման սպառնալիքին: Նա հանգամանորեն կանգ առավ կազմակերպություններում, բիզնես գործունեության արդյունավետության տեսանկյունից, վերականգնման պլան կազմելու և պաշտպանական համակարգ մշակելու, կիբեռանվտանգություն ապահովելու ուղիների վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին