Շուրջ 670 ուսանողների ուսման վարձը մասնակի փոխհատուցվել է

Դիտումների քանակ՝ 1190

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կուրսերի քննաշրջանի արդյունքների ամփոփմամբ սկսվեց այսօրվա ռեկտորատի օրակարգային հարցերի քննարկումը: Դեկաններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ֆակուլտետում իրականացված գործընթացը, ինչպես նաև արդյունքները:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց մինչև 12 կրեդիտ պարտքով փոխադրված ուսանողների պարտքերի վերահանձնման մասին հարցը՝ տեղեկացնելով, որ մինչև 12 կրեդիտ պարտքով փոխադրված ուսանողների առաջին վերահանձնումը կկազմակերպվի մայիսի 22-ին և 23-ին, իսկ երկրորդ վերահանձնումը՝ մայիսի 29-ին և 30-ին:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը: Պրոռեկտորի ներկայացմամբ՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար մանդատային հանձնաժողով է ներկայացվել  շուրջ 1120 ուսանողի դիմում, որոնցից շուրջ 670-ի դիմումը բավարարվել է, այսինքն՝ այդքան ուսանողի վարձը մասնակի կփոխհատուցվի: Միհրդատ Հարությունյանի խոսքով՝ բակալավրական ուսուցման ուսանողների համար զեղչվել է  այն ուսանողների վարձը, որոնց ուսման առաջադիմությունը՝ ՄՈԳ-ը, 78 և ավելի է, իսկ  մագիստրոսական ուսուցման ուսանողների դեպքում այն ուսանողներինը, որոնց ՄՈԳ-ը 87  և ավելի է:

Նշենք, որ համալսարանը, բացի ուսման վարձի փոխհատուցման հաստատված ներկա կարգից, իրականացնում է նաև այլ ծրագիր, ըստ որի՝ սոցիալապես անապահով և բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ՝ ուսման վարձի զեղչման տեսքով:

Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին