Շնորհավորանք և մեծարում ռեկտորատում. Սարգիս Սարգսյանը 80 տարեկան է
ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստը սկսվեց շնորհավորանքի և մեծարման խոսքերով. ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ծննդյան 80-ամյակի կապակցությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության անունից շնորհավորեց տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ,տնտեսագիտության թեկնածու Սարգիս Սարգսյանին և նրան հանձնեց շնորհավորական ուղերձ:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր կատարած աշխատանքը մեր բուհում: Դուք մեր համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի հիմնադիր ղեկավարներից եք եղել և մեծ վաստակ ունեք: Ձեր կատարած աշխատանքը մշտապես բարձր է գնահատվել ոչ միայն համալսարանում, այլև բուհից դուրս, ինչի առհավատչյան է վարչապետից տրված շնորհակալական պատվոգիրը, համալսարանի ոսկե մեդալը և բազմաթիվ այլ պարգևները»,- ասաց Կորյուն Աթոյանը:
«Ես առավել, քան հուզված եմ այս վերաբերմունքի համար: 46 տարի ես բախտ եմ ունեցել ջերմ, համերաշխ այս կոլեկտիվում աշխատելու, արժանացել եմ գործընկերներիս լավ վերաբերմունքին, բոլորի հետ ունեցել եմ լավ հարաբերություններ: Շնորհակալ եմ շնորհավորանքի համար»,- ի պատասխան ասաց հոբելյարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին