«Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում մի խումբ ուսանողներ այցելել են «Կոկա-Կոլա» ընկերության արտադրամաս

Դիտումների քանակ՝ 998

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ  «Կոկա-Կոլա» ընկերության «Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում  ՏԿ և ՄՏՀ , ֆինանսական և կառավարման ֆակուլտետների 11 ուսանողներ երեկ մասնակցել են   դեպի գործարան կազմակերպվող 2-րդ այցելությանը: Ուսանողները նախ ծանոթացել են ընկերության պատմությանը, որը ցուցադրվել է լուսապատկերի միջոցով, ապա՝  շրջել արտադրամասով, ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին (ջրի վերամշակում և այլն):

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց կարիերայի և մարքեթինգի կենտրոնի առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը՝ ուսանողներն այցելությունից տպավորված են:

«Այցելության նպատակը ճանաչողական էր. ուսանողները ստացան ընկերությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ բոլոր մանրամասները: Աշխատակիցները ևս, տպավորված էին մեր ուսանողներից, նրանց մեջ տեսնում էին պոտենցիալ կադրերի: Այցելության ընթացքում ուսանողներին ուղեկցել է ընկերության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը և պատասխանել նրանց հարցերին»,- ընդգծեց Կարինե Պողոսյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց նաև այցելությանը մասնակցած ուսանողների հետ, ովքեր հայտնեցին իրենց գոհունակությունը: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողուհի Վարդուհի Բուչախչյանը նշեց, որ այսօր արդեն մասնակցելու է հարցազրույցի փուլին:

«Այցելությունը բավականին արդյունավետ էր, շատ բան իմացանք ընկերության մասին, ծանոթացանք «ներքին խոհանոցին»: Ցանկանում եմ նշել, որ նկատեցինք աշխատակիցների ջերմ վերաբերմունքը և այն, որ նրանք նվիրված են իրենց աշխատանքին, ինչը շատ օրինակելի էր մեզ համար:  ՀՊՏՀ ուսանողների նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, աշխատակիցները մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին: Հուսով եմ՝ ինձ կհաջողվի հաղթահարել ծրագրի բոլոր փուլերը (4 փուլ)»,-ասաց Վարդուհին:

Հիշեցնենք, որ ընկերությունում կան թափուր  աշխատատեղեր, որոնց  համար վերոնշյալ ծրագրի շրջանակներում  կարող էին  դիմել բուհի ավարտական կուրսերի ուսանողները:

Վերջում ուսանողները ստացել են նվերներ՝ ընկերության մակագրությամբ բաժակներ և «Կոկա-Կոլա» ըմպելիքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին