20-րդ դարի առաջնորդների կառավարման փորձն ուսումնասիրում և ներկայացնում են կառավարման ուսանողները. սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 988

Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ սեմինար-դասընթաց, որի ընթացքում կառավարման ֆակուլտետի ուսանողների կողմից ներկայացվեցին 20-րդ դարի խոշոր քաղաքական գործիչներ Ֆրանկլին Ռուզվելտի և Ադոլֆ Հիտլերի կյանքն ու գործունեությունը: Ինչպես ներկայացրին ուսանողները՝ սեմինարի հիմնական նպատակն էր վերհանել նշված գործիչների կառավարման առանձնահատկությունները և յուրացնել ուսումնասիրված փորձը՝ հետագայում կիրառելու համար:

Սեմինարի բանախոսներ, 1-ին կուրսի ուսանողներ  Գրիգոր Ոսկերչյանը, Գոռ Նաղդալյանը, Զավեն Խուկեյանը և Էդիկ Օհանջանյանը  ներկայացրեցին  Ռուզվելտի և Հիտլերի կենսագրությունները, բնավորության բացառիկ հատկանիշները,  կառավարման մեթոդները, սկզբունքները՝ նրանցից մեջբերելով իմաստուն խոսքեր: Քաղաքական այս գործիչների ընտրությունը պատահական չէր. ըստ ուսանողների՝ նրանք մարդիկ են, ովքեր կարողանում էին լավագույնս կառավարել հանրությանը:

Հիտլերը կարևորում էր կարգապահությունը, ասելով՝ «Որակը սկսվում է կարգապահությունից» և հռետորական  արվեստին քաջ տիրապետելով՝ նշում.  «Մարդկանց հեշտ է գրավել բանավոր, քան գրավոր խոսքով»: Բանախոսները վերլուծեցին նմանօրինակ մի շարք  մեջբերումներ:

Կառավարման մեջ ուսանողները կարևորեցին  մարդու բնավորությունը և այն բացառիկ հատկանիշները, որոնք օգնում են հասնել նվաճումների, ինչպես, օրինակ՝ նպատակասլացություն, մշտապես կարդալու, կրթվելու ցանկություն, հաղորդակցվելու, հռետորական արվեստին տիրապետելու, լսելու և մի շարք այլ ունակություններ:  Վերջում ուսանողները կատարեցին գործնական առաջադրանքներ. օգտվելով ներկայացված մոդելներից՝ առաջարկեցին  իրենց կողմից օպտիմալ դիտարկվող կառավարման սկզբունքն ու մեթոդիկան և պատասխանեցին հարցին, թե ինչպես պետք է օգտագործել թվարկված մոդելները տնտեսական ոլորտում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանող Գրիգոր Ոսկերչյանը նշեց. «Այսպիսի  սեմինարների կազմակերպումը կառավարման ուսխորհրդի կողմից  շարունակական է լինելու, քանի որ  դրանք ուղղակիորեն առնչվում են մեր մասնագիտությանը, նպաստում մեր տեսական և գործնական գիտելիքների զարգացմանը: Սեմինարների միջոցով ստանում ենք փորձի փոխանակման, համախմբման, խմբային քննարկման  հնարավորություն»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին