Խոսք հիշատակի
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը, օտար լեզուների ամբիոնը անդառնալի կորստի ցավ են ապրում և սգում սիրված ու հարգված գործընկերոջ՝ ՌիմաԱսլանյանի մահը: Գործընկերների անունից նրա մասին հիշատակի խոսք է ներկայացնում ՀՊՏՀ օտարլեզուներիամբիոնի գերմաներենիդասախոսՍոնյաԹաբաղյանը:
Դժվար է գրել հարազատ դարձած մարդու, գործընկերների համար անչափ սիրելի և անփոխարինելի գործընկերոջ մասին, ով օրեր առաջ հեռացավ մեզանից: Դժվար է գիտակցել, որ այլևս մեր կողքին չէ օտար լեզուների ամբիոնի բազմամյա դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիմա Ավագի Ասլանյանը:
Ծնվել է 1943 թվականի մարտի 3-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում: 1960-ին ավարտել է Գյումրու Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1965-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1968-1972 թթ. աշխատել է Թեթև արդյունաբերության նախարարության հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրոյում որպես ինժեներ-տեխնոլոգ, միաժամանակ ժամավճարային կարգով գերմաներեն է դասավանդել ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետում: 1975-1978 թթ. մեր համալսարանի օտար լեզուների ամբիոնի գերմաներենի դասախոս էր, 1978-1990-ին՝ ավագ դասախոս: 1990-ին Մոսկվայի Վ.Ի.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1991-1994-ին ղեկավարել է օտար լեզուների ամբիոնը, 2002-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ տնտեսագետ ուսանողների և ասպիրանտների համար գերմաներենի 2 ձեռնարկի, տնտեսագիտական եզրերի գերմաներեն-ռուսերեն-հայերեն եռալեզու բառարանի:
Ռիմա Ասլանյանն անփոխարինելի մասնագետ էր, անթերի թարգմանիչ և լեզվի գերազանց գիտակ, դասավանդման յուրատեսակ ու արդյունավետ մեթոդների էր տիրապետում: Նա մեծ սիրով էր իր մասնագիտական գիտելիքները հաղորդում երիտասարդ դասախոսներին և սիրելի ուսանողներին:
Ես՝ որպես գերմաներենի դասախոս, կարոտով կհիշեմ նրա՝ գիտնական-դասախոսի մասնագիտական խորհուրդները, որոնց միշտ հետամուտ եմ եղել և առաջնորդվել իմ դասավանդման ընթացքում:
Ժպտադեմ, բարեհամբույր և սրտաբաց մարդու, սիրունատես կնոջ, հոգատար, ընտանիքի ինքնազոհ մոր, նրբանկատ տատիկի և միշտ օգնության պատրաստ, կարեկցող ընկերոջ, հոգեբան-մանկավարժի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, գործընկերների, ուսանողների և բոլոր նրան ճանաչողների սրտերում: