ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում նշվել է Վարդանանց տոնը
Երեկ՝ փետրվարի 27-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում նշվել է Սուրբ Վարդանանց տոնը: Այն նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ ի հիշատակ Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի և հայրենիքի պատերազմած ու նահատակված մեր քաջ հայորդիների:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Վայոց ձորի թեմի երիտասարդների և Վայք քաղաքի N զորամասի զինվորների մասնակցությամբ տեղի է ունեցել ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Վարդանանց տոնին (հարցերի մեծ մասը հայոց պատմության վերաբերյալ է եղել): Ինչպես մեզ տեղեկացրեցին բուհի Եղեգնաձորի մասնաճյուղից՝ խաղի բացումն սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետև մասնակիցներին ներկայացվել է Վարդանանց տոնի պատմությունը։ Խաղի արդյունքները գնահատել են Վայք քաղաքի N զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Մ․ Մանուչարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն Քահանա Հովհաննիսյանը և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը։ Միջոցառման մասնակիցները տարբեր անվանակարգերում ստացել են պատվոգրեր և շնորհակալագրեր։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանն այս միջոցառումը կարևորեց մի քանի տեսանկյունից. «Առաջին հերթին սա հնարավորություն տվեց ուսանողներին, ինչու չէ նաև զինվորներին՝ հիշելու Սուրբ Վարդանանց տոնը, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի: Բացի դրանից, նմանօրինակ միջոցառումներն ու հանդիպումները աշխուժացնում են համալսարանական առօրյան: Այս միջոցառումն ակտիվացրեց ուսանողության շփումը զինվորների, հոգևորականների հետ: Միջոցառումները շարունակական են լինելու, առաջիկայում ևս նախատեսված են մի շարք հանդիպումներ»,- ասաց տնօրենը:
Հանդիպումից տպավորված են հատկապես մասնաճյուղի ուսանողները. այս մասին հավաստիացրեց ՈւԽ փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը: «Միջոցառումը ուսանողների շրջանում կարևորեց Վարդանանց տոնը, սերտացրեց մեր կապը զինվորների, Վայոց ձորի թեմի երիտասարդների հետ, իսկ խաղը հիանալի հնարավորություն էր գիտելիքները ստուգելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու համար»,-ասաց ուսանողուհին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը: