ՀՊՏՀ ասպիրանտները՝ միջազգային հարթակներում
Ուկրաինայի Դոնեցկ և Սվետագորսկ քաղաքներում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական միջազգային գիտական-փորձարարական սեմինարը՝ նվիրված արտաքին տնտեսական կապերի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնախնդիրներին: Միջազգային գիտաժողովին մասնակցել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը:
Ասպիրանտի տեղեկացմամբ՝ ինքը ներկայացվել է «Ներդրումային գրավչության և քաղաքական կայունության փոխազդեցությունը» (''The interaction of investment attractiveness and political stability'') թեմայով հոդված, որտեղ քննարկվում են երկրի ներդրումային գրավչության և քաղաքական կայունության հարցերը: «Հոդվածը բացառիկ է նրանով, որ ոչ միայն հիմնավորում է կապը այս երկու ցուցանիշների միջև (բազմաթիվ տնտեսագետներ են անդրադարձել ներդրումային գրավչության և քաղաքական կայունության հիմնախնդիրներին, սակայն նրանց հետազոտություններում նրանք հիմնավորել են միայն դրանց կապը), այլև տնտեսագիտության մեջ առաջին անգամ ներկայացնում է մի մոդել, որը հնարավորություն է տալիս քանակական գնահատման ենթարկել երկրի հաջորդ տարվա օտարերկրյա ուղղակի ներդրումների փոփոխության չափը՝ քաղաքական կայության տվյալ տարվա համաթվի փոփոխության ազդեցության գնահատմամբ»,- հոդվածի բովանդակության մասին նշեց Հասմիկ Հովակիմյանը:
Գիտաժողովի նյութերի ժողովածուում (“Problems Of Foreign Economic Relations Development And Attraction Of Foreign Investments: Regional Aspect” Donetsk, 2014), որն ունի համաշխարհային Index Copernicus վարկանիշ, տպագրվել է նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասպիրանտ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական հանքաարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունների գնահատականը» թեմայով, որի շրջանակներում ուսումնասիրվել են ոչ մետաղական հանքանյութեր արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների արտահանման կարողությունները, արտահանման ծավալները և շուկաները: Հոդվածում անրադարձ է եղել նաև ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեությանը, հիմնախնդիրներին, արտադրության և արտահանման ծավալների դինամիկային, ինչպես նաև նախանշվել են հնարավոր արտահանման շուկաները:
Հասմիկ Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ գիտաժողովին իր մասնակցությանն աջակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին