ՀՊՏՀ գիտնականների հոդվածները` միջազգային ամսագրում

Դիտումների քանակ՝ 808

Սիրով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ և վարկ ամբիոնի  կողմից հրատարակված միջազգային գիտագործնական կոնֆերանսի հոդվածների ժողովածուում տեղ են գտել մեր համալսարանի գիտնականների աշխատությունները: «Ռուսաստանի ֆինանսական և դրամավարկային համակարգի գործունեության տեսությունն ու պրակտիկան» վերտառությամբ ժողովածուի «Ֆինանսներ և հարկեր» բաժանմունքի թեմատիկ ուղղությունը ներկայացնում է  ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, դոցենտ Աշոտ Մաթևոսյանի «ՀՀ կառուցվածքային բյուջեի հիման վրա ֆիսկալ ազդակների գնահատումը», ասիստենտ Մուշեղ Հովհաննիսյանի «Ընկերության կապիտալի գնահատման մոտեցումները», ինչպես նաև պրոֆեսոր Վարդան Սարգսյանի, դոցենտներ Ալվարդ Սարգսյանի և Լիանա Գրիգորյանի, ասիստենտ Լևոն Սահակյանի «Առևտրային ցանցերում հաշվապահական հաշվառման մշտադիտարկման մեջ տեղեկատվական համակարգի խնդիրներն ու ստորաբաժանումները» հոդվածները:

«Իմ հեղինակած հոդվածի հետազոտությունների մի մասը կատարվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական հետազոտությունների շրջանակներում, իսկ համահեղինակությամբ ներկայացված հոդվածը` ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհների շրջանակում: Ես և իմ գործընկերները ևս մեկ քայլ ենք կատարում մեր համալսարանի գիտական մտքի միջազգայնացման ճանապարհին, որը մեր առջև դրված կարևորագույն խնդիրներից է»,- մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Մաթևոսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին