ՀՊՏՀ ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային գիտաժողովի
ՀՊՏՀ աշխատակիցները՝ գիտության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ. թ. Վարդան Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Աղավնի Հակոբյանը հունվարի 10-18-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք կրթության, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների միջազգային նստաշրջանին մասնակցելու հրավեր են ստացել:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, լիագումար նիստին վերջինս հանդես կգա «Բանկային համակարգի իրացվելիության կառավարման արդի հիմնախնդիրները (ՀՀ նյութերով)» զեկուցմամբ: Բաժանմունքային նիստում, որը կվարի Աղավնի Հակոբյանը, հանդես կգան Վարդան Աթոյանը՝ «Ազգային անվտանգության ապահովման գլխավոր հիմնախնդիրները գլոբալիզացիայի պայմաններում» և Անուշ Մարգարյանը՝ «ՀՀ աուդիտորական կազմակերպությունների գործունեության արդյունավետության հիմնական չափանիշները ժամանակակից պայմաններում» զեկուցումներով: Աղավնի Հակոբյանը ևս հանդես է գալու զեկուցմամբ՝ «Արդյունաբերական քաղաքականության արդի գերակայությունները ՀՀ-ում» թեմայով:
Նշենք, որ գիտաժողովին կներկայացվի նաև գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի «Գիտելիքի կուտակման երկար ալիքները» զեկույցը:
Խորեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում կարևորեց միջազգային գիտաժողովներին մասնակցությունը՝ նշելով, որ այն տալիս է համագործակցության, փորձի, գիտելիքների փոխանցման, գործընկերային կապերն ամրապնդելու նոր հնարավորություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին