Լույս է տեսել «Տնտեսագետի» տարեվերջյան համարը
Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի 2013 թվականի վերջին համարը:
Սիրելի ընթերցո’ղ, նոյեմբեր-դեկտեմբերյան համարը տարեմուտի շեմին, հուսով ենք, ձեզ բարձր տրամադրություն կպարգևի: Ամսագիրն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ամանորյա ուղերձով և շարունակվում համալսարանի գիտական կյանքում 2013 թվականին տեղի ունեցած գլխավոր իրադարձությանը`ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին անդրադարձով: Մեկ այլ ընդարձակ հոդվածում ներկայացված են ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մեկ տարվա գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու անելիքները:
«Տնտեսագետն» այս համարում զրույց է վարում ուսանող-երիտասարդության հետ, խոսում նրանց ձեռքքբերումների ու հիմնախնդիրների մասին:
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետության տնտեսական, մշակութային ու հասարակական կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես տեղ են գտել այս համարում. ՀՀ ազգային արժույթի 20-ամյակին, 1988 թվականի աղետալի երկրաշարժին, Սայաթ-Նովայի 300-ամյակին են անդրադառնում մեր համալսարանի գիտնական մանկավարժները:
Ընդգրկուն ու բազմազան «Տնտեսական խճանկարը» և մյուս հիմնական խորագրերը` «Փորձագիտական հարթակը», «Համակրելի դառնալու արվեստը», «Վարքուբարքը», կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն հետաքրքրական թեմաներ:
«Տնտեսագետը» նաև ամանորյա «համեղ զրույց» է վարում համալսարանի տիկնանց հետ ու ձեր տոնական սեղանի համար առաջարկում նոր բաղադրատոմսեր:
Սիրելի ընթերցող, այս համարում կարող եք կարդալ նաև «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հաղթող քառյակի վերջին պատմվածքը:
Այսքանը` հակիրճ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
Հետագայում ՀՊՏՀ պաշտոնական կայքում կներկայացվի նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին