ՀՊՏՀ ուսանողն արժանացել է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 847

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման  ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժանացել է Իսահակ Իսահակյանի անվան 6-ամսյա կրթաթոշակի՝ բարձր առաջադիմության և ուշագրավ հետազոտական աշխատանքի համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աննան նշեց. «Կատարել եմ «ՀՀ աշխատաշուկայում գենդերային անհավասարակշռությունը» թեմայով հետազոտական աշխատանք, որի շրջանակներում ուսումնասիրել եմ Հայաստանի աշխատաշուկայում առկա գենդերային անհավասարակշռությունները՝ շեշտը դնելով սպասարկման ոլորտում առկա թերությունների վրա: Ամփոփելով հետազոտական աշխատանքս՝ ներկայացրել եմ համապատասխան առաջարկություններ՝ մեր երկրի աշխատաշուկայում գենդերային անհավասարակշռության  վերացման կամ  փոքր-ինչ  մեղմացման համար»:

«Հարությունյան Աննան մեր ֆակուլտետի լավագույն ուսանողուհիներից մեկն է և բոլորովին զարմանալի չէ, որ արժանացել է ԿԲ-ի անվանական կրթաթոշակին: Պարզապես, ես որպես դեկան՝ լավ եմ զգում, որ մեր ֆակուլտետի, մեր բուհի ուսանողները հաջողություններ են ունենում և գնահատվում նաև բուհից դուրս»,- մեր բաժնին ասաց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել էր հետազոտական աշխատանքների  մրցույթ, որի շրջանակներում էլ մեր ուսանողն արժանացել է կրթաթոշակի: Հետազոտական աշխատանքի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 10-ին, իսկ արդյունքները հայտնի են դարձել երեկ՝  դեկտեմբերի 16-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին