Երաժշտության պատմության մասին դասախոսություն՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1157

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր կազմակերպվել էր դասախոսություն՝  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից: Դասախոսությանը մասնակցում էին ինչպես ՀՊՏՀ-ականները, այնպես էլ այն ավագ դպրոցների աշակերտները, որոնց հետ  բուհը համագործակցում է:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ ծրագիրը Կոնսերվատորիայի «Երաժշտական զրուցակից»  գեղագիտական-կրթական նախագծի շրջանակներում է:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Սեդա Շեյրանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ «Երաժշտական զրուցակիցը»  համագործակցում է տարբեր երաժշտական հաստատությունների, մանկատների,դպրոցների, բուհերի հետ:

«Մեծ հաճույքով ենք համագործակցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ, քանի որ բուհում շատ մեծ և հետաքրքրասեր  լսարան ունենք: Մեր հիմնական նպատակն է այսօրվա սերնդին ծանոթացնել հայ և համաշխարհային մշակույթին, երաժշտությանը, ինչպես նաև նպաստել երիտասարդների աշխարհայացքի, ընդհանուր  զարգացմանը»:

Դասախոսության ընթացքում Սեդա Շեյրանյանը խոսեց երաժշտական ժանրերի, համաշխարհային երաժշտության ակունքների, պատմության մասին, ամփոփ ներկայացրեց երաժշտության զարգացման պատմությունը: Մեծ էր լսարանի հետաքրքրվածությունը. ունկնդիրները դասախոսության ընթացքում մի շարք հարցեր հնչեցրին:

«Երաժշտական զրուցակից» նախագծի  վարիչ, Կոնսերվատորիայի  դասախոս, պրոֆեսոր Վազգեն Մինասյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում գոհունակություն հայտնեց ՀՊՏՀ ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ համալսարանի հետ երկար տարիների համագործակցությունն արդյունավետ է:

ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ով ծրագրի կազմակերպչական աշխատանքների իրականացնողն է մեր բուհում, մեզ հետ զրույցում նշեց.  «Աշակերտներին ներկայացրել ենք Տնտեսագիտական համալսարանի մասին ընդհանուր տեղեկություն՝ ֆակուլտետների, կազմի և այլնի վերաբերյալ, իսկ դասախոսության ավարտից հետո նրանց հետ շրջայց ենք կատարել ֆակուլտետներում՝ ծանոթացնելով համալսարանի առօրյային»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին