«Գործնական մարքեթինգ» խորագրով սեմինար. ընդհանուր գիտելիքներ՝ գովազդի մասին

Դիտումների քանակ՝ 1139

ՀՊՏՀ-ում այսօր կայացավ «Գործնական մարքեթինգ» խորագրով սեմինար, որն անցկացվեց 1 դասաժամ տևողությամբ:  Սեմինարը կազմակերպվել էր  ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի և «Ayvazyan & Partners» ընկերության  նախաձեռնությամբ:

Ի՞նչ է գովազդը, ի՞նչ նպատակներ ունի այն, ինչպիսի՞ն պետք է լինեն գովազդները. այս և նմանօրինակ   մի շարք հարցերի պատասխաններ հնչեցին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում:

Սեմինարը վարեց ընկերության բիզնես թրեյներ Վահագն Դիլբարյանը, ով ուսանողներին ներկայացրեց մարքեթինգին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ ու գովազդային գաղտնիքներ: Սեմինարավարը տպավորիչ օրինակներով ներկայացրեց գովազդային հոլովակներ, որոնք մեծ հաջողություն են ունեցել՝ ապահովելով զգալի ֆինանսական եկամուտներ: Վերլուծելով  այդ հոլովակները՝ վերհանվեցին այն հանգամանքներն ու գաղտնիքները, որոնք պետք է կիրառվեն գովազդում: Ներկայացվեցին գովազդի տեսակներն (էմոցիոնալ, հիշեցնող  և այլն)  ու   տարբեր՝ ֆինանսական, դեղագործական, սննդի և այլ ոլորտների գովազդային առանձնահատկությունները, ինչպես նաև արտասահմանյան և հայաստանյան գովազդային շուկաների  տարբերությունները:

Մեծ էր ուսանողների ուշադրությունն ու հետաքրքրությունը. կարևոր հանգամանք է, որ սեմինարն անցավ ինտերակտիվ. ուսանողներն ակտիվորեն պատասխանում էին  բանախոսի հարցերին, հարց-պատասխանի միջոցով տրվեցին մի շարք հարցերի պատասխաններ:

Ըստ ուսանողների՝ նմանօրինակ սեմինարների անցկացումը նպաստում է իրենց գիտելիքների ընդլայնմանն ու ուսումնառությունն ավելի բազմաժանր է դարձնում:

«Ծանոթացա հետաքրքիր ու յուրօրինակ գովազդների գաղտնիքներին, որոնք շատ անհրաժեշտ են մեզ, գործնականում այն կկիրառենք: Հարկ է նշել, որ սեմինարը մատուցվեց պարզ, հասկանալի կերպով »,- ասաց մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող Մարիամ Բայրամյանը:

«Տեղեկացա ընդհանուր գովազդային գործունեության սկզբունքներին, շատ հետաքրքիր էր ծանոթանալ հատկապես գովազդում կիրառվող յուրօրինակ հնարանքներին», - նշեց նույն մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աիդա Մաթևոսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին