Երևանի անցյալը` լուսանկարներում
Լուսանկարները վավերագրեր են, որոնք բացառիկ հնարավորություն են ստեղծում` հայացք ձգելու պատմական անցյալին, ճանաչելու, զգալու, հասկանալու ժամանակի շունչն ու փոփոխությունները: Երևանցիներին և մեր մայրաքաղաքը սիրող ու նրա ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց նվիրվել է քաղաքի անցյալը ճանաչելու մի հնարավորություն. ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ, «Տետրակոնխ» և «ՊանԱրմենիան ֆոտո» կազմակերպությունների աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում բացվել է «Երևան. հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Երևանը պատկերող լուսանկարներում փողոցներ, հասարակական, վարչական և բնակելի կառույցներ են, որոնք արտացոլում են քաղաքի կոլորիտը, թամանյանական ձեռագիրը:
Ներկայացվող երկու լուսանկարներում թամանյանական Երևանից անբաժան, մեզ բոլորիս հարազատ տարածքն է` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքը` դիմահայաց և Նալբանդյան փողոցը, որտեղ նույն կառույցն է` կիսադեմից: Լուսանկարներն արված են «Հանրապետության Հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում:
Տեղեկացնենք` Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ», «Բարեկամություն», «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 21-ը:
Ի հավելումն
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Երևան. հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպվել է «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում, որն անցկացվում է ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: 2013 թ. «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումների hայաստանյան մեկնարկը տրվել է օգոստոսի 31-ին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 200 միջոցառում՝ 60 մշակութային օջախներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին