Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց ՀՊՏՀ (լուսանկարներ)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, դիմավորեց նախարարին, ով շրջեց բուհում, ծանոթացավ համալսարանում իրականացված նոր խոշոր ծրագրերին: Նախարարը ՀՊՏՀ նորակառույց բակում, ինչպես նաև բուհի լսարաններում և միջանցքներում կանգ առավ և զրուցեց ուսանողների հետ՝ հաճելիորեն զարմացնելով նրանց: Արմեն Աշոտյանը առաջին կուրսեցիներին շնորհավորեց, մյուսներից էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք գոհ են համալսարանից, կրթության որակից, դասախոսներից: Ուսանողներն, ի պատասխան նախարարի, անկաշկանդ նշեցին, որ գոհ են և սիրում են իրենց համալսարանը, իսկ ավելի բարձր կուրսերի ուսանողներից մի քանիսը շեշտեցին, թե հատկապես այս ուսումնական տարում իրենք բուհում բավական ծրագրերի իրագործում են արձանագրել:
Նախարար Արմեն Աշոտյանը նախ այցելեց «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որի վերանորոգման աշխատանքներն օրերս են ավարտվել, հետաքրքրվեց կենտրոնի գործունեությամբ: Նախարարն ու ՀՊՏՀ ղեկավարությունը այցելեցին նաև պրոյեկտորներով լսարաններ, որոնք ևս նոր են և գործարկվել են այս ուսումնական տարվանից:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ԿԳ նախարարին հրավիրեց նաև բուհի նորակառույց ճաշարան, որտեղ նախարարը ծանոթացավ ճաշարանի պայմաններին և ուսանողներին մատուցվող սննդին: Ի դեպ, տեղեկանալով, որ ՀՊՏՀ բուֆետում ինքնասպասարկում է, նախարարն իր իսկ ձեռքով սնունդ վերցրեց: Նախարարը, ՀՊՏՀ ռեկտորը և ՈՒԽ նախագահը միասին ճաշեցին ՀՊՏՀ նորաբաց ճաշարանում:
Այցի վերջում Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ այցելեց բակ, շփվեց ուսանողների հետ` լուսանկարվելով նրանց հետ, ապա բոլորին մաղթեց հաջողություն ուսման մեջ, կոչ արեց լավ սովորել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին