ՀՊՏՀ ներկայացուցիչների հոդվածը տպագրվել է միջազգային գիտագործնական սեմինարի ամսագրում
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տ.գ.թ, դոցենտ Մերի Բադալյանի և մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարինե Նիկողոսյանի համահեղինակած «Բուհերում աշխատանքային գործունեության շահամիտման հայեցակարգային մոտեցումները» հոդվածը տպագրվել է «Համաշխարհային գիտության նոր հնարավորություններ» խորագրով 3-րդ միջազգային գիտագործնական սեմինարի ամսագրում: Օրերս նրանք ստացել են ամսագիրը և մասնակցության համար՝ դիպլոմները: Սեմինարը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, Աբու Դաբիում, ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են առցանց:
«Մեր հոդվածում առաջ են քաշվել բուհական համակարգի աշխատողների աշխատանքային գործունեությունը շահամիտող հայեցակարգային մոդելի մշակման համար անհրաժեշտ հետազոտություններով ամրագրված մոտեցումներ: Այդ նպատակով անցկացված հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են մասնագիտական գործունեության մոտիվացիայի, կառավարչական գործունեության մոտիվացիայի հիմնախնդիրների մեկնաբանություններում»,-մեզ հետ զրույցում նշեցին հեղինակները:
Հոդվածում քննարկվել են նաև սոցոլոգիական հետազոտության անցկացման մեթոդները, ընտրանքի հաշվարկման կարգը, ձևավորված կլաստերները, դրանք ձևավորող գործոնները և ազդեցությունը բուհական համակարգի աշխատողների աշխատանքի ոչ նյութական շահամիտման վրա:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին