ՀՊՏՀ- ում այսօր ավարտվում են ամփոփիչ ատեստավորման գործընթացն ու ամփոփիչ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1009

ՀՊՏՀ-ում հունիսի 3-ին մեկնարկած հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը մաքսային գործ մասնագիտացման ամփոփիչ քննությամբ այսօր կավարտվի: Այս օրերի ընթացքում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներն աշխատեցին ողջ ծանրաբեռնվածությամբ և հագեցած ժամանակացույցով: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ բուհի ղեկավարության, ռեկտորատի ու դեկանատների, ամփոփիչ ատեստավորման գործընթացի կազմակերպական հարցերով զբաղվող ՀՊՏՀ բոլոր ստորաբաժանումների կատարած լուրջ և ծավալուն աշխատանքը տվեց ցանկալի արդյունք՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն անցավ անխափան: 

Այսօր նաև ամփոփիչ քննաշրջանի վերջին օրն է: Այն մեկնարկել էր հունիսի 10-ին: Քննություններին մասնակցում էին համալսարանի բոլոր կրթաձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի 1-3-րդ կուրսերի ուսանողները: Բոլոր քննասենյակներում, համալսարանի համակարգչային սրահներում և համակարգիչներով համալրված ընթերցասրահում քննություններն անցան կազմակերպված, և հնարավորություն ընձեռվեց ուսանողներին բարենպաստ միջավայրում դրսևորելու իրենց գիտելիքները:
«Այսօր կավարտվի ուսումնառության գործընթացի մի կարևոր փուլ ևս: Ամփոփիչ քննաշրջանը մեր ուշադրության կենտրոնում էր: Ուսանողներն ամփոփեցին տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքները, և հուսով եմ, անհրաժեշտ հետևություններ կատարեցին»,-ասաց Միհրդատ Հարությունյանը և հավելեց, որ ամփոփիչ քննաշրջանի ավարտից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում: Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ հուլիսի 1-10-ը լուծարքային շրջան է: Նա հաջողություն մաղթեց քննություններից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին