Առաջիկա օրերին լույս կտեսնի «Տնտեսագետ» ամսագրի մայիս-հունիսյան համարը

Դիտումների քանակ՝ 916

«Տնտեսագետի» սիրելի ընթերցողներ, առաջիկա օրերին ամսագրի մայիս-հունիսյան համարը կհասնի ձեզ, այն տպարանում է:
«Տնտեսագետի» այս համարում դուք կգտնեք հետաքրքրական բազմաթիվ հրապարակումներ և հատկապես ուսումնական տարվա այս շրջանի համար առանցքային` քննական ու շրջանավարտների թեմաներով հոդվածներ: 
Ամսագրում ընդարձակ անդրադարձ կա մայիսի 25-ին համալսարանի բակում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին: Ավանդական խորագրերը` «Տնտեսական խճանկար», «Անվանի տնտեսագետները», «Հայրենիքը սկսվում է բնությունից», «Ամենակարևորի մասին», «Վարքուբարք», ինչպես նաև ոչ խորագրային բազմաժանր հրապարակումները հարուստ են բովանդակությամբ և հաճելի ընթերցում կպարգևեն ձեզ: Այս անգամ «Փորձագիտական հարթակ» խորագրի հոդվածի հեղինակները ներկայացնում են օծանելիք ապրանքատեսակը, նրա անցած ճանապարհը և նոր շուկայական հարաբերությունների պայմաններում կեղծ օծանելիքը բնօրինակից տարբերելու որոշ սկզբունքներ:
Նոր համարն ունի նաև գրական էջ, որի ներքո ԱՐՁԱԿ-2013 պատմվածքի մրցույթի հաղթող քառյակի «Հո դու բիձա՞ չես» պատմվածքն է (հեղինակ` Մկրտիչ Մուրադյան): 
«Լուսանկարային լրաշարքը», ինչպես միշտ, հետահայաց կհիշեցնի անցած երկու ամիսների համալսարանական կարևոր իրադարձությունները: Համարը հարուստ է նաև բուհի մարզական կյանքի մասին պատմող նյութերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին